ԹԱՎՇՅԱ ԲԱՐՁԻ ՏԱԿ ՓՇԵՐ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ծանր օրերին հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչների առօրյան եւս փոխվել է. վերջիներս «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում հետաքրքիր գրառումներ են արել, որում անդրադարձել են լռության անհրաժեշտությանը։

 

Այսպիսով, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Ընդհանրապես ու արդեն քանի տարի պետք էր գոնե մի պահ լռել՝ հասկանալու համար ագրեսիայի, ատելության ու անհագ վրեժի էս տարօրինակ մոլուցքը երբ կուրացրեց մարդկանց: Փափուկ, թավշյա բարձի տակ, պարզվեց, փշեր էին միայն, որ արյունլվիկ արեցին ուղեղները… Ուղեղները… Լռության մեջ կարող են միայն սովորել նորից լսել, հասկանալ, վերլուծել։ Կարեւորը սովորել լսել նախ ինքդ քեզ: Մենք անգամ մեզ չենք ճանաչում, չենք հասկանում: «Կույր» մարդն ուրիշի ցավն ինչպե՞ս տեսնի, եթե ինքն իր հիվանդությունը չի տեսնում…»:

Լռելու կարեւորության մասին   իր մտքերով է կիսվել նաեւ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը, ով արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում: «Երեւի մի օր.. Մենք՝ բոլորս, երեւի մի օր կսովորենք լռել, կհասկանանք՝ լինում են դեպքեր, երբ հազարավոր բառերի փոխարեն անհրաժեշտ է ուղղակի լռել։ Կհասկանանք, որ կորուստն ավելի շատ լռությամբ է պետք հարգել։ Կհասկանանք, որ վայնասունը, բազմահաչն ու գոռգոռցները հարգելու ու կարեկցելու տարբերակ չեն։ Ու երեւի մի օր կհասկանանք, որ պետք չէ սպասել մահի, որպեսզի բոլորով սկսենք խոսել, փոսթեր անել ու հոգոցներ հանել։ Ու դրան հակառակ՝ մենք լռում ենք, երբ լռելու իմաստ չկա։ Լռում ենք, որովհետեւ մեզ մեկ է, մենք անտարբեր ենք, մեր դուռը չեն ծեծել: Մենք խառնել ենք տեղերը խոսքի եւ լռության, բայց երեւի մի օր…», – գրել է Մանոն։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր Է  ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՐԵԼ

Այսօրվա օպերային թատրոնի ղեկավարությունը հանդիսատեսին զրկում է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիմքի վրա բեմադրված «Զույգ արեգակներ» բալետը դիտելուց:

Այս բալետը հավերժության մեջ ներկայացնում է այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը մասնակցել է եւ շարունակելու է մասնակցել համաշխարհային փիլիսոփայության, արվեստի հարստացման գործընթացին: Նարեկացու վերերկրյա խոսքի յուրահատուկ ռիթմերը, Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիոն եւ գունային համադրությունները, Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը թելադրում են ժամանակակից խորեոգրաֆիկ լուծումներ՝ ամբողջացվելով Մաշտոցի, Նարեկացու, Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Բաբաջանյանի, Տերտերյանի եւ Աշոտ Արիյանի երաժշտությամբ:

«Զույգ արեգակներ»-ը հայկական բացառիկ արժեքները ներկայացնող միակ արվեստի գործն է, որը ընդունվել է եվրոպական մշակութային հանրության կողմից: Ցուցադրվում է 60 միլիոն հետեւորդ ունեցող ֆրանսիական MEZZO TV-ով, ներկայացվել է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, հյուրախաղերով հանդես գալու շուրջ դրական ելքով բանակցություններ են իրականացվել Վիեննայում Volksoper-ի հետ, անրադարձ է եղել TV TOKYO-ի եթերում, լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:

Միտումնավո՞ր է թատրոնի տնօրինութնունը այս որոշումը կայացրել, թե՞ ոչ, անձո՞վ է պայմանավորված, թե՞ ոլորտի վերադասի կողմից կարգադրանքով. բոլոր դեպքերում այս վերաբերմունքը հայկական արվեստի հանդեպ անկարելի է բացատրել:

Շարունակելի….

 

 

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ օգոստոսի սկզբին «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում «Ճանապարհ» եռյակը Իտալիայի մի շարք քաղաքներում տվել է  Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված մի շարք համերգներ (Վենետիկ, Միլան՝ 2 համերգ, Հռոմ)։ «Այս ծրագիրը մշակութային-սպորտային միջոցառում է՝ կազմակերպված Մարսելի Ֆրանսահայ երտասարդաց միության՝ JAF-ի եւ «Վազք հիշատակի համար» CPLM կազմակերպության կողմից: Մտահղացման հեղինակը երաժիշտ Միքայել Վեմյանն է՝ JAF-ի երաժշտական դպրոցի պատասխանատուն եւ նվագախմբի ղեկավարը:

Ծրագրի նպատակն է Մարսելից քայլել մինչեւ Երեւան՝ 2500կմ ոտքով կտրել-անցնելով Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանն ու Հայաստանը: Քայլարշավը, ինչպես նաեւ այս ճանապարհին տրվող բոլոր համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում եռյակի կողմից մի շարք համերգներ են նախատեսվում նաեւ Հունաստանում եւ Հայաստանում:

 

 

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը օգոստոսի 18-24-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքի շրջանակում թիմը օգոստոսի 22-ին եւ 24-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի Մ-19 հավաքականի հետ:

 

 

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ

«Վուլվերհեմփթոնը» ռեկորդային տրանսֆեր է իրականացրել ակումբի պատմության մեջ։ Անգլիական թիմը պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Մատեուշ Նունեշի համար վճարել է 45 միլիոն եվրո։ Հետագայում հնարավոր է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։ 23-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր՝ եւս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Մատեուշ Նունեշի ծառայություններով հետաքրքրված էին նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու փոխչեմպիոն «Լիվերպուլը»։ Պորտուգալիայի անցած առաջնությունում Մատեուշ Նունեշը մասնակցել է 33 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

 

 

 

ԿԳՆԻ ԱԿՈՒՄԲԸ

Բրիտանացի գործարար, միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե Գլեյզերների ընտանիքը որոշի վաճառել ֆուտբոլային ակումբը։ Անգլիական մամուլը գրել էր, որ Գլեյզերների ընտանիքը որոշել է վաճառել ակումբի բաժնետոմսերի մի մասը։ 69-ամյա Ջիմ Ռեթքլիֆը  քիմիական արդյունաբերության հսկաներից INEOS-ի սեփականատերն է։ Ջիմ Ռեթքլիֆը  2019 թվականին 100 միլիոն եվրոյով ձեռք է բերել ֆրանսիական «Նիցա» ակումբը։

 

 

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Իսպանացի Ռաֆայել Նադալը չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջան։ Աշխարհի երրորդ ռակետը մրցեց Խորվաթիայի ներկայացուցիչ, աշխարհի 152-րդ ռակետ Բորնա Չորիչի հետ եւ պարտություն կրեց 6:7 (9), 6:4, 3:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 54 րոպե։ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչի հանդիպումից որովայնի մկանների վնասվածքի պատճառով հրաժարվելուց հետո Նադալն առաջին անգամ էր մասնակցում մրցաշարի՝ պատրաստվելով ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը Նյու Յորքում։ Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6,2 միլիոն դոլար է։

 

 

 

ԳԱՎԱԹԱԿԻՐ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի այս շաբաթ ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալի» բրազիլացի խաղացող Կազեմիրոյին։ Բանակցությունները շարունակվում են։ Արքայական ակումբը չի կանխի տեղափոխությունը, եթե 30-ամյա հենակետային կիսապաշտպանը ցանկանա փոխել ակումբը։ Կազեմիրոն 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

 

 




Լրահոս