«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ասիական զարգացման բանկի բժշկական ապահովագրության գծով փորձագետ Սամվել Խարազյանը սոցիալական ցանցի իր էջում ակտիվորեն հանդես է գալիս հակառուսական հայտարարություններով:
Նախ նշենք, որ խոսքն այն անձի մասին է, որը երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ եւ, որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Եվ, ահա, մայիսի 10-ին Ասիական բանկի փորձագետը սոցիալական ցանի իր էջում հրապարակել է այս լուսանկարը եւ գրել. «Այս տարի հոգեհանգիստն է, հուսով եմ՝ եկող տարի կթաղեն»: Հրապարակումը տարօրինակ է: Ինչու՝ որովհետեւ Խարազյանը, լինելով զարգացման բանկի փորձագետ, պետք է քաղաքական հարցերում առնվազն չեզոքություն դրսեւորի: Բացի այդ, նրա գործատուի՝ Ասիական զարգացման բանկի բաժնետերի մեջ կան երկրներ, որոնք առնվազն չեզոք են իրենց դրսեւորում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:
Ստացվում է՝ Ասիական զարգացման բանկի փորձագետը հոգեհանգստի եւ թաղման մաղթանքներ է հղում մի կառույցի եւ երկրի, որը, նախ, ՀՀ ռազմավարական գործընկերն է, ապա նաեւ նորմալ հարաբերությունների մեջ է հենց Ասիական զարգացման բանկի բաժնետեր երկրների հետ: Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկի բաժնետետերից են Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, որոնք ջերմ հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ ու թերեւս չեն կիսում թաղման մաղթանքները»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: