Ինչ իրավիճակ է Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունից երկու շաբաթ անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 14-ին պայթյուն եւ հրդեհ էր Երևանում գործող Սուրմալու առևտրի կենտրոնում: Հրդեհի հետևանքով կա 16 զոհ եւ մեկ հոգի համարվում է անհետ կորած:

Այժմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից երկու շաբաթ անց իրավապահները  հայտարարեցին 4 անձի ձերբակալման մասին։ ArmLur.am-ը պարզել էր, որ նրանցից մեկն առևտրի կենտրոնի փոխտնօրենն է, երեքը՝ պահեստը շահագործող անձինք:

«Սուրմալու»-ի փոխտնօրենին ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Մյուս երկու անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։ Առաջադրված մեղադրանքներով ձերբակալվածներին սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում։

Իրավապահներն այժմ մի քանի վարկածներ ունեն: Վարկածներից մեկն այն է, որ միգուցե առեւտրի կենտրոնում ապօրինի արտադրամաս է եղել, որը առնչվել է ոչ միայն հրավառ նյութերի, այլ հենց պայթուցիկ նյութերի հետ:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին քննվում է այն վարկածը, որ պայթած շենքի նկուղային հարկում եղել է հրավառ նյութերի պատրաստման արտադրամաս՝ պայթուցիկ այլ նյութերի համակցմամբ, եւ իրավապահները ակտիվ քննում են այդ վարկածը: Ի դեպ, չի բացառվում, որ քրեական վարույթով անգամ հարցաքննված տնտեսվարողները նման տեղեկություն հայտնած լինեն իրավապահներին:




Լրահոս