ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ եւս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել:
Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:
Մասնավորապես ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ռուսաստանի եւ Հայաստանի համար շատ կարեւոր օր է։ 25 տարի առաջ մեր երկու երկրների միջեւ ստորագրվեց բարեկամության պայմանագիրը», – «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել էր Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել էր, որ կողմերն ընդգծում են այդ փաստաթղթի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների համար, եւ թե սա լավ հնարավորություն է՝ քննարկելու նաեւ ընթացիկ խնդիրները։
Պայմանագրի 25-ամյակի առթիվ նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էր հայտարարություն տարածել: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Լեռնայի Ղարաբաղում մնում է խաղաղության ապահովման առանցքայի գործոնը. հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի կնքման 25-ամյակի ուղերձում։
Երկրի արտաքին գերատեսչությունը նշում է, որ Մոսկվան «առանցքայի դաշնակցի դիրքից» կշարունակի օգնել Երեւանին պաշտպանունակության ամրապնդման, սահմանների անվտանգության, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։
«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ճանապարհն անցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանմամբ », – ասված է հայտարարությունում։
Գերատեսչությունը շեշտել է՝ «անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ պատմական կապերի հետագա ամրապնդումն ամբողջությամբ համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին, կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»։
Մոսկվան հայտնում է, թե անկեղծորեն գնահատում է բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ եւ վճռական է տրամադրված ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններն ամրացնելու՝ հանուն երկու երկների բարգավաճման։
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայամանագրի կնքման 25-ամյակի առթիվ ուղերձ է տարածել նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը՝ մեծապես արժեւորելով «եղբայրական Ռուսաստանի հետ բարեկամությունը», վճռականություն հայտնելով է՛լ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների բարգավաճման։
Երեւանն իր երախտագիտությունն է հայտնել «ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ եւ արժանապատիվ կյանքի վերականգնման համար»։
Շեշտելով, որ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի եւ բարգավաճման հաստատմանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւս շեշտել է. «Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է»։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը մեկը մյուսի հետեւից մեղադրանք է առաջադրում եւ կալանավորում է Սյունիքի մարզի բնակիչներին պետական դավաճանության համար: Այս տարվա ընթացքում արդեն 5 տարբեր քրեական գործեր են ուղարկվել դատարան:
- Գարիկ Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:
- Օգոստոսի 26-ին դատարան է գնացել Մարզպետ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:
- Օգոստոսի 9-ին դատարան է ուղարկվել Լեւոն Գաբրիելյանի քրեական գործը եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:
- Օգոստոսի 1-ին դատարանում է գտնվել Դավիթ Ղահրամանյանի քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք:
- Հուլիսի 27-ին դատարան է մուտք եղել Արգամ Սեդրակյանի քրեական գործը, եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, կատարել է պետական դավաճանություն:
Դատելով նախաքնական մարմնի բացահայտումից՝ մարզում տղամարդիկ պետական դավաճանությամբ են զբաղվել: Տեսնենք, թե ինչ կբացահայտվի դատարանում, եւ ինչ կորոշի դատարանը:
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Դավիթ Բեկ փողոցում հնդիկ երիտասարդի սպանության դեպքով: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ վերջինիս սպանել է իր ընկերը, որն այս պահին ձերբակալված է եւ իրավապահներին պատմել է, թե ինչու է գնացել այդ քայլին:
Սպանության կասկածանքով ձերբակալվածը պատմել է, որ երկու ընկեր են եղել ու Հայաստանում սովորել եւ աշխատել են քարի արտադրամասում: Այդ օրը աշխատանքի վայրում մեկը մյուսի նկատմամբ կատակներ է արել, ձեռք են առել միմյանց, եւ ինքը չդիմանալով երկաթով հարվածել է ընկերոջ գլխին, որի հետեւանքով նա մահացել է:
Նշենք, որ Shamshyan .com-ը գրել էր, որ օգոստոսի 28-ին սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա:
Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի էր, որը սովորում էր բժշկական համալսարանում:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեծ գոհունակությամբ նշում եմ, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեր պետություններին հաջողվել է կառուցել բարեկամության, վստահության եւ փոխադարձ աջակցության ամուր հարաբերություններ:
Դրա վկայությունն են ակտիվ քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձեւաչափերով երկու երկրների հաջող փոխգործակցությունը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում գործընկերության համակարգված զարգացումը:
Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքն այսուհետ եւս կնպաստի երկկողմ համագործակցության ողջ սպեկտրով ղազախահայկական բազմաբովանդակ հարաբերությունների հետագա խորացմանը»,- ասված է ուղերձում:
ՄԻՋԱՆՑՔԸ ԿԳՈՐԾԻ
Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը օգոստոսի 31-ից հետո կիրականացվի նոր միջանցքով։ Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ: «Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները»,- ասված է հաղորդագրությունում։ Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ՝ Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին Արցախի ՆԳ նախարարությունը խոստանում է առաջիկայում հստակ ու մանրամասն տեղեկություն տրամադրել։ «Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը՝ ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին եւ երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում։
ՓԱՍՏԵԼ ԵՆ ԿՐԿՆԱՍՏՈՒԳՄԱՄԲ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի առանձին գործառույթի կասեցումը (Երեւան, Փափազյան 21/95): ՍԱՏՄ Երեւանի կենտրոնի տեսուչները կրկնաստուգմամբ փաստել են, որ նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները վերացվել են: