ՆՈՐ ՖԻԼՄԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մի մեծահարուստի հոգեհանգստի ժամանակ:

 

«Խառնաշփոթը սկսվում է այն ժամանակ, երբ հոգեհանգստին ներկայանում են հանգուցյալի սիրուհիները: Այնպես չէ, որ մտադրված էի կրկին մահվան եւ հոգեհանգստի թեմայով ֆիլմ նկարահանել, պարզապես այս պատմությունը, որի հեղինակը Դավիթ Բաբախյանն է, ինձ շատ դուր եկավ, որոշեցի, որ նմանատիպ երկրորդ ֆիլմ ունենամ: Պետք է շեշտեմ, որ այս ֆիլմը եւ «Մեծ պատմություն փոքր քաղաքումը» շատ տարբեր են»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Կիրակոսյանը:

Ռեժիսորի խոսքով՝ Դավիթ Բաբախյանը դեռ 2018-ին, երբ ինքը նկարահանում էր «Ազնիվ գողերը», ներկայացրել էր այս պատմությունը՝ ասելով, որ նմանատիպ ֆիլմ նկարահանելու փորձ ավելի շատ Գոռն ունի:

«Ըստ Դավթի՝ այս պատմությունն ավելի հարմար էր ինձ: Արդյունքում ես եւ Աշոտ Աբրահամյանն աշխատեցինք ֆիլմի սցենարի վրա: Սցենարը գրելիս կային դերասաններ, որոնց հստակ պատկերացնում էինք, բայց, ամեն դեպքում, բոլորի հետ նախնական աշխատանք ենք իրականացրել, որպեսզի հասկանանք՝ համապատասխանում են դերին, թե ոչ: Հանգուցյալի դերում հանդես է եկել դերասան Արտյոմ Մարկոսյանը: Ի դեպ, սա իմ առաջին ֆիլմն է, որում գլխավոր հերոսները կանայք են, եւ ինձ համար նույնպես սա մեծ փորձ էր»:

Ըստ ռեժիսորի՝ Արտյոմը դժվարությամբ է ընդունել դագաղում պառկելու առաջարկը. «Արտյոմը սցենարը շատ էր հավանել, ցանկություն ուներ նկարահանվելու, սակայն դժվարությամբ պառկեց դագաղի մեջ։ Հիշում եմ՝ նկարահանման առաջին օրը հենց ուժ գտավ ու պառկեց դագաղում, բոլորս նրան երկար ծափահարում էինք»,- նկատում է ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։

 

 

 

ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԼՍՈՒՄՆԵՐ

Հանրային հեռուստաընկերությունն այս օրերին լսումներ է անցկացնում Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի մեր ներկայացուցչին ընտրելու նպատակով:

Ավելի վաղ հայտարարված մրցույթին 100-ից ավելի հայտ է ստացվել Հայաստանից եւ տարբեր երկրներից: Մրցույթի երկրորդ փուլի համար Հանրային հեռուստաընկերությունը եւ մասնագիտական ժյուրին առանձնացրել են լավագույն 30-ին, լսել նրանց կենդանի կատարումներն ու հարցազրույց անցկացրել:

Առաջին ալիքը շուտով կհայտարարի «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակի անունը:

Ժյուրիի կազմում են «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Առաջին ալիքի երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը, «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան, «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի Ներկայացուցիչ Ռոզա Լինը եւ երգահան Լիլիթ Նավասարդյանը:

 

 

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

«Այստեղից իհարկե հետեւում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ համաշխարհային զարգացումներին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը` անդրադառնալով Հայաստանում եւ Արցախում կատարվող իրադարձություններին:

«Այսօր բոլորը զբաղված են Ուկրաինայով, եւ Հայաստանը չի կարողանում կողմնորոշվել, թե որ կողմ պետք է զարգանանք: Այսօր Աղավնոն, Բերձորը լքեցինք, թողեցինք թշնամուն, վառեցինք մեր տները, հաջորդն ի՞նչ է լինելու: Պայքարենք, թե ինչ անենք, որ այս վիճակից դուրս գանք»,-ասաց նա:

Մեր զրուցակցի կարծիքով՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունն էլ պատահականություն չէ, թեեւ իշխանություններն այդպես են փորձում ներկայացնել:

«Ես համոզված եմ՝ ոչ մի պատահական բան չի լինում այս աշխարհում: Մեր ղեկավարությունը ո՞նց կարողացավ մեր գյուղերը հանձնել. սրտիցս արյունա կաթում, ինչպե՞ս կարող էին: Չգիտեմ, մեզ նոր հերոսներ են պետք՝ Անդրանիկ, Նժդեհ»,- հավելեց նա:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Saint Louis Rapid & Blitz-ում արագ խաղի 9 տուրից հետո մեկնարկել է կայծակնային խաղի մրցաշարը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) առաջին 9 տուրերում հաղթել է ամերիկացիներ Ջեֆրի Սյոնին, Սեմ Շանքլանդին ու Լենիեր Դոմինգեսին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, պարտվել է ամերիկացիներ Հիկարու Նակամուրային ու Ֆաբիանո Կարուանային, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին։ Արոնյանը 13,5 միավորով 6-րդ տեղում է։ Առաջատարը Ֆիրուջան է՝ 18 միավոր։ Օգոստոսի 30-ին կանցկացվի կայծակնային խաղի եւս 9 տուր։ Saint Louis Rapid & Blitz մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։

 

 

 

 

3-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի բաց մրցաշարում: Dubai օpen միջազգային 22-րդ մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Արամ Հակոբյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան:  ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը նույնպես առաջատարներից է: Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:

 

 

 

ԹԵՆԻՍԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան Նյու Յորք քաղաքում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը: Հայկական արմատներով ռուսաստանյան թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել առաջին շրջանում: Խաչանովի մրցակիցը ԱՄՆ-ից Դենիս Կուդլան էր: 2 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության է հասել չորս սեթերում` 3:6, 6:1, 6:2, 6:3 հաշվով: US Open-ի անդրանիկ մրցախաղում հաղթանակ է տոնել նաեւ աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը, որը մոտ 2 ժամ ձգված խաղում հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ստեֆան Կոզլովին երեք սեթերում` 6:,2 6:4, 6:0 հաշվով:

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ՝ 2 ՍԵԹԵՐՈՒՄ

Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հաղթանակով է մեկնարկել US open-ում: Նյու Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի մեկնարկում Սերենա Ուիլյամսը մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի հետ: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Ուիլյամսը հաղթեց երկու սեթերում` 6:3, 6:3 հաշվով: Ավելի վաղ Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ կարիերան կավարտի ԱՄՆ բաց առաջնությունից հետո:

 

 

 




Լրահոս