Հանգստի թավշյա շրջանն արդեն մեկնարկել է։ Շատերը նախընտրում են հանգստանալու մեկնել ոչ թե ամռանը, այլ՝ աշնանը։ Նշենք, որ ամառային հանգստի շրջանի ավարտից հետո ավիատոմսերի եւ հյուրանոցների գները փոխվում են ու ավելի էժանանում։ Որտե՞ղ մեկնել, որպեսզի ուղևորությունը հաջողված լինի և էժան։
Մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է իր հանգիստն անցկացնել Եգիպտոսում, քանի որ գրպանին շատ հարմար է: Բացի այս, շատերը նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել նաեւ Դուբայում, այստեղ շոգն աշնանը մեղմանում է:
«Ախթամար» տուրիստական ընկերությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է իր հանգիստն անցկացնել Եգիպտոսում: Այս տուրընկերությունից նշեցին, որ 2 անձի համար նախատեսված փաթեթի արժեքը սկսվում է 1200 դոլարից:
Իսկ «Ռիմա Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանի քաղաքացիները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել ոչ միայն Եգիպտոսում, այլեւ՝ Դուբայում, եվրոպական քաղաքներում:
«Բայց ՀՀ քաղաքացիները հիմնականում նախընտրում են Եգիպտոս գնալ, քանի որ մնացած երկրների հետ համեմատ, ավելի մատչելի է եւ որակյալ ծառայություններ է իրականացնում: Իսկ ՀՀ քաղաքացուն ի՞նչ է պետք. ավիատոմսի արժեքը, որի մեջ սնունդը լիարժեք ներառված լինի, նաեւ՝ դիմավորում, ճանապարհում, որպեսզի ինքը հավելյալ քաշքշուկների մեջ չընկնի: Դա է պատճառը, որ մեր հայրենակիցները նախընտրում են մեկնել Եգիպտոս»,- ներկայացրեց Ռիմա Խաչատրյանը:
Մեր զրուցակցի խոսքով, իրենց տուրընկերությունը դեպի Եգիպտոս մեկ անձի համար առաջարկում է 500 դոլարանոց փաթեթ, 2 անձի համար՝ 1100-1200 դոլար: Արժեքները պայմանավորված են ըստ հյուրանոցների կատեգորիաների, նայած քանի աստղանի հյուրանոց է նախընտրում զբոսաշրջիկը: «Կան մարդիկ, որոնք ուզում են, որ փաթեթի արժեքը լինի 500 դոլար, 5 աստղանի եւ բարձր կատեգորիայի հյուրանոց: Մենք ինքներս էլ խելացի մարդիկ ենք եւ հասկանում ենք, որ բարձր կատեգորիայի հյուրանոց եւ մատչելի, միասին չի կարող լինել: Թավշյա շրջանի համար այնքանով է լավ Եգիպտոսը, որ արեւայրուքը հավասարաչափ է լինում, հանգստավայրերում հանգիստ է»,- նկատեց տուրընկերության ներկայացուցիչը:
Իսկ դեպի Դուբայ ուղղության արժեքը մեկ անձի համար սկսում է մոտ 700-800 դոլարից, նայած թե որ օրը ավիատոմսն ինչ արժեք կունենա եւ զբոսաշրջիկն ինչ կատեգորիայի հյուրանոց կընտի եւ որ հատվածում է նախընտրում հանգստանալ կամ ծովափնյա հանգիստ է ուզում, թե առեւտրի համար է մեկնում: Կա նաեւ մեծ տարբերություն՝ Դուբայ է մեկնում, թե՞ Շարժա:
Զրույցի ավարտին զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչն ասաց, որ վերջերս մեր հայրենակիցները նախընտրում են հանգստանալ նաեւ Թունիսում:
Սյունէ Համբարձումյան