ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Ն. Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, որոնք էլ կազմակերպել են հայկական բնակավայրերի հանձնման գործընթացը.
Հազարավոր հայորդիների անդրդվելիության, խիզախության, աննկուն կամքի, կյանքի եւ առողջության գնով ազատագրված Բերձորը, Աղավնոն եւ Ներքին Սուսը Ն. Փաշինյանի համաձայնությամբ հանձնվեցին Ադրբեջանին։ Օրերս էլ Ադրբեջանին հանձնվեց Բերձորի միջանցքը, որը յուրահատուկ հույսի կամուրջ էր դարձել, կարեւոր գործոն Արցախում անվտանգ եւ խաղաղ կյանք վարելու համար։ Եվ Ն. Փաշինյանը պարտավոր է հստակ պարզաբանումներ ներկայացնել համայն հայությանը՝ այս ամոթալի համաձայնության կապակցությամբ։
Դեռ օգոստոսի 11-ին գրությամբ դիմել էի Ն. Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ, թե՝
- Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս համայնքների հանձնումը իրավական ուժ ունեցող ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է իրականացվում,
- արդյոք օգոստոսի 25-ը նշված համայնքների հանձնման վերջնակա՞ն համաձայնեցված օր է, թե՞ ժամկետի երկարաձգման հնարավորություն կա,
- ի՞նչ փաստաթղթով եւ ու՞մ կողմից է համաձայնեցվել նշված համայնքների հանձնման հարցը,
- ՀՀ կառավարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո նշված համայնքների հանձնման հարցի վերաբերյալ ի՞նչ բանակցություններ է վարել, այդ ընթացքում արդյոք բանակցե՞լ է նշված համայնքները չհանձնելու շուրջ։ Եթե այո, ե՞րբ, ո՞վ եւ ու՞մ հետ է բանակցել, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել,
- եթե ՀՀ կառավարությունը նշված համայնքների չհանձնման նպատակով բանակցություններ է վարել եւ մերժվել, ի՞նչ հիմնավորումներ են ներկայացվել մերժող կողմից։ Իսկ եթե ՀՀ կառավարությունը նշված համայնքների չհանձնման նպատակով բանակցություններ չի վարել, որո՞նք են պատճառները եւ հիմնավորումները,
- եթե վաղուց հայտնի էր, որ այդ բնակավայրերը պիտի հանձնվեն, ինչու՞ ժամանակին նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվել, այլ, ընդհակառակը, տարբեր միջոցներով ներդրումներ են արվել այդ համայնքներում, իսկ այսօր ԱՀ պատգամավորները ահազանգում են, որ տարհանման ռեսուրսները չեն բավարարում,
- արդյոք բանակցե՞լ, ձե՞ռք եք բերել պայմանավորվածություն, որ նշված համայնքների պատմամշակութային ժառանգությանը, գերեզմաններին վնաս չի հասցվի։ Ստացե՞լ եք համապատասխան երաշխիքներ։ Եթե այո, ումի՞ց եւ ի՞նչ երաշխիքներ եք ստացել. եթե ոչ, ինչու՞։
Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեզ համար ճակատագրական այս հարցերին պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը.
«Ի պատասխան վարչապետի աշխատակազմին ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ նշյալ բնակավայրերից հայկական բնակչության տարհանումը պայմանավորված է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ՝ ի կատարումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերության։
Հայտնում ենք նաեւ, որ խնդրո առարկայի վերաբերյալ իրավական նշանակություն ունեցող առկա բոլոր փաստաթղթերը հրապարակված են, իսկ գործընթացների կազմակերպման հետ կապված բանակցությունները վարվել են Արցախի իշխանությունների կողմից»:
Ոչ մի էական պատասխան՝ իմ կողմից բարձրացված կոնկրետ հարցերին: Ի՞նչ է ստացվում. Ն. Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, հայկական բնակավայրերի հանձնման գործընթացն էլ կազմակերպել են Արցախի իշխանությունները: Ու սա՝ այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունում հստակ գրված է. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»:
Փաստորեն, տարածքներ հանձնելով է Նիկոլ Փաշինյանը երաշխավորում Արցախի անվտանգությունը, մինչդեռ 2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ:
Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանում ժողովրդավարությունը հռչակել է թիվ մեկ բրենդ, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների իրավունքներին, անվտանգությանը եւ մեր երկրի տարածքային ամբողջականությանը վերաբերող կարեւորագույն հարցերին խուսափում է պատասխանել՝ դրանք ուղղորդելով դեպի ԱԳՆ տիրույթ: Խորհրդարանական երկրում Կառավարության ղեկավարը խուսափում է հաշվետվողականությունից:
Ի դեպ, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրն է, որը երբեք չի ջնջվելու մեր օրացույցի հերոսական օրերի շարքից, ինչքան էլ օրվա իշխանությունը ցանկանա։
Շնորհավորում եմ»։
ՔՆՆԱՐԿԵԼ Է ԸՆԹԱՑՔԸ
Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ս.թ. սեպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Կողմերը հանգամանորեն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 թ. նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման ընթացքն ու հեռանկարները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները։
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Մինասյանին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սուրեն Մինասյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»:
ԱՅՑ՝ ԱՄՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արցախի ԱԳ նախարարի այցը համընկնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի հետ, որն անցկացվելու է ԱՄՆ մայրաքաղաքում:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` երեկ ուշագրավ դեպք է եղել Կենտրոն վարչական շրջանում: Ըստ ArmLur.am-ի հասած բացառիկ տեղեկությունների՝ 44 տարեկան տղամարդը, տանը գազը բաց թողնելով, փորձել է ինքնասպան լինել, սակայն հարեւանները զգացել են շենքում գազի հոտը եւ ահազանգել են իրավապահ համակարգին, հետո չեզոքացրել են վտանգը ու տղամարդուն տեղափոխել են հիվանադանոց:
Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ այդ քայլին գնացել է, քանի որ հոգնած է եղել կյանքից:
ԿԱԽՎԵԼ Է ՀԱԿԻ ԹԵԼՈՎ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդենուտ գյուղում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: Մոտ 60 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել իրենց տան հետնամասի երկաթյա աստիճաններից հակի թելով կախվելու միջոցով:
Հարեւաններն են ահազանգել ոստիկանություն ու պատմել դեպքի մասին: Թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, դեռեւս հայտնի չէ:
ԷԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2022 թ. սեպտեմբերի 1-ից բարձրացրել է ակադեմիական կազմի աշխատավարձերը: Պրոֆեսորների աշխատավարձը 1 դրույքով ծանրաբեռնվածության դեպքում այսուհետ կկազմի 530.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 24%), դոցենտներինը՝ 420.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 14%), իսկ ավագ դասախոսներինը եւ դասախոսներինը՝ համապատասխանաբար 380.000 եւ 350.000 ՀՀ դրամ:
Նշվում է, որ պրոֆեսորների եւ դոցենտների աշխատավարձի էական բարձրացումը թույլ կտա մի կողմից ներգրավել լավագույն կադրերին, մյուս կողմից՝ երիտասարդ սերնդի համար կստեղծի գիտությամբ եւ հետազոտությամբ զբաղվելու էական խթաններ: Նույն նպատակի իրացման համար Տնտեսագիտականն իր դասախոսներին հնարավորություն է ընձեռում ամսական մինչեւ 250.000 ՀՀ դրամի չափով հավելյալ վարձատրություն ունենալու ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական թիմերում ներգրավվելու եւ ՀՀ պետական կառավարման տարբեր մարմինների կարիքների բավարարման նպատակով հետազոտություններ իրականացնելու դեպքում։
Հարկ է նշել, որ Տնտեսագիտականը բարձրացրել է նաեւ վարչական աշխատողների աշխատավարձը միջինում 5%-ով: