Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի-Կուրղինյան փողոցների խաչմերուկում: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաեւ ճանապարհը կգծանշվի:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Հյութերի դրոշմավորման համար ձեռք բերված դրոշմապիտակները կորցնելու դեպքում ի՞նչ պատասխանատվություն կարող է առաջանալ:
Բելլա Սիմոնյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 9.6-ի 5-րդ կետի համաձայն` չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը նշված հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, նշված հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում հարկային տեսչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը եւ տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 9.6-ի` փակցնելու ընթացքում վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով եւ դեպքերում վերադարձվում են հարկային մարմին յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով՝ մինչեւ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Մաքսային միության ռեզինդետ համարվող անձը Մաքսային միության տարածքում հաշվառված անձնական օգտագործման ավտոմեքենայով ժամանել է ՀՀ: Պե՞տք է ճանապարհային կամ բնապահպանական վճարներ վճարի:
Համլետ Գեւորգյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածների համաձայն` այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց, ըստ դրանց տեսակի եւ բեռնատարողության, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար գանձվում են բնապահպանական եւ ճանապարհային վճարներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ մաքսային օրենսգրքի 192 հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով: