ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆԳՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջիկայում ձեւավորվելու է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը. երեկ վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ։

 

Ոստիկանության, բանակի, Փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ, ընդգծել է Փաշինյանը՝ որպես առաջնային նշելով սոցիալական երաշխիքների եւ ապահովության ստանդարտը:

«Մեր նպատակադրումն է, որ նախարարության ձեւավորումից հետո եւ՛ ոստիկանության, եւ՛ Փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ պիտի տեղի ունենա, եւ սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում պետք է տեղի ունենա, – ասել է վարչապետը միեւնույն ժամանակ շեշտելով:- Ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների, գիտելիքների, ընդունակությունների այն ստանդարտին, որը համապատասխանում է այդ բարձր աշխատավարձին»:

Վարչապետի հետ ԱԻՆ-ում էին նաեւ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Ի դեպ, այս նախագիծը դեռեւս 2021թ.-ին էր Արդարադատության նախարարությունը ներկայացրել քննարկման: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արդարադատության նախարարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն:

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաեւ ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։ Ներքին գործերի նախարարության կազմում է լինելու միանգամից մի քանի կառույց: Բացի ոստիկանությունից, նախարարությունն ունենալու է քննչական դեպարտամենտ, ներառելու է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաեւ Ոստիկանության կրթահամալիրը։

Նախարարության ենթակա մարմինների ղեկավարներին, ներքին գործերի նախարարի առաջարկով, պաշտոնի նշանակելու եւ ազատելու է վարչապետը։ Ոստիկանության պետին եւ նրա տեղակալներին, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու եւ ազատելու է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Նախարարը ոչ միայն զարգացման ռազմավարություն է մշակելու, այլեւ հաշվետու է լինելու Ազգային ժողովին:

Ոստիկանության բարձրագույն կոչումները (ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության գեներալ-լեյտենանտ եւ ոստիկանության գեներալ-գնդապետ), Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, շարունակելու է շնորհել Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։ Միեւնույն ժամանակ, ներքին գործերի նախարարը կարող է միջնորդություն ներկայացնել, որպեսզի վարչապետը համապատասխան առաջարկություն ներկայացնի հանրապետության նախագահին։

Փաստորեն,  մեկ տարի անց քննարկված նախագծի կայացման փորձեր են կատարվում:

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի եւ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի միջեւ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հարավային մաքսատուն-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը եւ Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարեւորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։ Քննարկվել են նաեւ բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները:

 

 

ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ՝ 7 ՄԱՀ

Հայաստանում երեկվա՝ օգոստոսի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել էր վարակվելու 2329 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 436727-ի: Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6736 թեստավորում: Մինչեւ այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3191200 է:

Փաստացի այս պահին բուժվում է 3016 պացիենտ, ավելացել է 271-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 421316 անձ, վերջին մեկ շաբաթում՝ 2043 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 մարդ. մահացածների թիվը 8662 է:

 

 

 

ՊԱՊԻԿՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության  ՊՆ մամուլի ծառայությունից։

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագավ դեպք է տեղի ունեցել երեկ գիշեր: Ժամը 3-ի սահմաններում Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի Մուշ ռեստորանի մոտ՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաներվել է երիտասարդի դի: Դեպքի վայր են շտապել իրավապահները եւ պարզել, որ մահացածը 15-ամյա Ն. Թորոսյանն է, որը ինքնասպանություն է գործել ծառից մետաղալարով կախվելու միջոցով։ Իրավապահները փորձում են պարզել ինքնասպանության պատճառը:

 

 

ԿԻՐԱՌՎԵԼ Է ԿԱԼԱՆՔ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ ներկայացել է Գլխավոր դատախազություն: Տեղեկությունը հաստատեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ներկայացել են, իրացրել են իրենց այդ իրավունքը, այսինքն՝ ծանոթացել են իրենց վերաբերող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության վարույթի նյութերին: Ներկայումս այդ փուլում է գործընթացը: Մինչ այդ նրանց գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք:

 

 

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

Armlur.am-ը գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացավ Գլխավոր դատախազություն: Մեզ հայտնեցին, որ Հովիկ Աբրահամյանը չի ներկայացել:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրել էր Գլխավոր դատախազություն: Հիմքում նշվում է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երեւան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ կարող եք 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը եւ ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը եւ ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին»:

 

 




Լրահոս