ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ գույքը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասելու եւ խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլի 21-ին  Եղեգնաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, նախապես համաձայնության գալով  իր 34 եւ 38-ամյա ընկերների հետ, բենզին են գնել եւ միասին ավտոմեքենայով  ուղեւորվել դեպի Մալիշկա գյուղ տանող ճանապարհին գտնվող  ավտոտեխսպասարկման կետ: 34-ամյա տղամարդը, իր հետ վերցնելով նախապես գնված բենզինը, այն լցրել է ավտոտեխսպասարկման կետի բացօթյա արտաքնոցին եւ դիտավորությամբ հրկիզել այն, որից հետո միասին հեռացել են։

Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ երեքով նույն օրը գնացել են մեկ այլ ավտոտեխսպասարկման կետ, որտեղ երկուսով սպասել են ավտոմեքենայում, իսկ 34-ամյա տղամարդը, կացինի գործադրմամբ դիտավորությամբ կոտրելով ավտոտեխսպասարկման կետի պատուհանները եւ տարածքում կայանված «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իր հետ նախապես վերցված բենզինը լցնելով ավտոմեքենայի վրա, հրկիզել է այն՝ դիտավորությամբ պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 727.500 ՀՀ դրամի գույքային վնաս։ Բացի այդ, 2022թ. փետրվարի 4-ին 30-ամյա տղամարդը, նախնական համաձայնության գալով իր վերոհիշյալ 38 եւ 32-ամյա մեկ այլ ընկերոջ հետ, գնացել են Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոց, որտեղ վերջիններս հարմարեցված բանալիով բացել են շենքերից մեկի բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս եւ հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ տանտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ 1.427.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-ամյա տղամարդուն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 32-ամյա տղամարդուն՝  ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 30 եւ 38-ամյա տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

 

ՎՐԵԺԽՆԴԻՐ Է ԵՂԵԼ

Արզականում 46-ամյա տղամարդու դեպքը ապշեցրել էր բոլորին. ինչո՞ւ 46-ամյա տղամարդը սպանեց կնոջ, որից հետո դանակով սպանել էր իր հետ նյույն ընկերությունում աշխատած անձանցից մեկին, դանակով վնասել հարեւանին եւ եւս մեկ այլ տղամարդու: Տեղեկություններ տարածվեցին, որ տղամարդը միգուցե առողջական խնդիրներ ունի, սակայն տղամարդը որեւէ առողջական խնդիրներ չի ունեցել, այլ իրավիճակից դրդված է գնացել այդ քայլին՝ փորձելով վրեժխնդիր լինել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ տղամարդը կասկածներ է ունեցել եւ խանդել է կնոջը, նրա ձեռքում որոշ փաստեր են հայտնվել, եւ նա, խանդից դրդված, վրեժխնդիր է եղել այն անձանցից, որոնց կասկածել է:

Ի դեպ, իր քայլերը կատարելուց հետո նա ինքնակամ ներկայացել է իրավապահներին:

Գրել էինք՝ 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը բաց պատուհանով մտել է հարեւանի ննջասենյակ, ծեծի ենթարկել, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդու բնակության վայրի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է նաեւ վերջինիս կնոջ դին՝ պարանոցը մասամբ կտրված վիճակում:

Վերոնշյալ հանցագործություններից օրեր անց՝ 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Զորիկ Մելքոնյանը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի, որի հետեւանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը՝ «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Տղամարդը 46-ամյա Զորիկ Մելքոնյանն էր, որը այս դեպքից հետո ներկայացավ իրավապահներին: 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 207-րդ հոդվածի 1-ին մասով եւ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ սեպտեմբերի 5-ին, քննարկում էր «Զենքի շրջանառության կարգավորման» մասին նոր օրենքի նախագիծը: Այն նիստին մասնակցող մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից դրական եզրակացություն է ստացել:

Օրենքի փոփոխության հեղինակները ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Արմեն Խաչատրյանն են: Ըստ նախագծի՝ քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի ՀՀ 21 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից ստացած համապատասխան թույլտվության պարագայում: Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել, գրանցել եւ հաշվառել ոչ ավելի, քան 10 միավոր քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ թվով հրազեն եւ մարտական սառը զենք: Ձեռք բերված զենքը ձեռքբերման օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է գրանցման եւ հաշվառման ոստիկանությունում: Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, ինչպես նաեւ անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր:

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի փոխանցմամբ՝ նախագիծը պատգամավորները կքննարկեն Ազգայի ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկելուն պես՝ սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստի ժամանակ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Քննչական կոմիտեն Միքայել Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրել պատերազմի առաջին օրերին «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար, ինչի հետեւանքով, ըստ իրավապահների, «հակառակորդն առանց դիմադրության առաջացել եւ վերահսկողության տակ է վերցրել» բարձունքը: ՊԲ նախկին հրամանատարին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնական անփութության համար. նա կալանավորվել է։

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, եւ նրա պաշտոնավարումը դադարեցվել է: Գեներալներին առաջադրված մեղադրանքի մասին զրուցեցինք ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին հետ, որը շատ կոնկրետ շեշտադրում կատարեց, թե ով պետք է գնահատական տա նրանց արարքներին:

 

 

 

ԱՐԵԼ Է ՀՆԱՐԱՎՈՐԸ

Փաստաբան Արսեն Սարդարյանն առայժ ոչինչ ասել չի կարող  Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանի մեղադրանքի մասով: Պաշտպանը միայն ArmLur.am-ին հայտնեց. «Ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները Ջալալ Հարությունյանի պես հայրենասեր, հմուտ եւ զգոն հրամանատարի մեղադրանք են առաջադրել, իբր, իր պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար: Ջալալ Հարությունյանը մեր հայրենիքը պաշտպանելու համար ջանք եւ առողջություն չի խնայել, արել է հնարավորը եւ նույնիսկ անհնարինը: Պատահական չէ, որ մեր թշնամին բարձրաստիճան հրամանատարությունից հենց նրան է թիրախ ընտրել, եւ միայն հրաշքով, լրջագույն վիրահատությունների միջոցով է հնարավոր եղել Ջալալ Հարությունյանին կրկին ոտքի կանգնեցնել: Այն, որ Ջալալ Հարությունյանը անմեղ է, իմ խորին համոզմամբ, վաղ թե ուշ կարձանագրվի, սակայն տհաճ զգացողությունը, որ մենք նույնիսկ մեր ամենաազնիվ հերոսներին ենք պախարակում, կմնա…»

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, եւ նրա պատոնավարումը դադարեցվել է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս