ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է ներդնել անհատական լիցենզիայի համակարգ: Այս տարբերակով պացիենտը հնարավորություն կունենա բժշկին ինքնուրույն ընտրել: Ավելին, բժշկի կողմից թույլ տրված սխալի դեպքում կսահմանափակվի վերջինիս գործունեությունը` լիցենզիայից զրկելու միջոցով, իսկ կլինիկական օրդինատորներին իրավունք կտրվի բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում մատուցել` դրա դիմաց վարձատրվելով:
Նշենք, որ ներկայումս բուժաշխատողները անհատական լիցենզիա չեն ստանում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիա ստանում են բժշկական հաստատությունները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ անհատական լիցենզիան կտրվի ավագ բուժաշխատողներին, որի հիման վրա նրանք ինքնուրույն մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել, իսկ անցումային անհատական լիցենզիան կտրամադրվի կլինիկական օրդինատուրայում ուսումնառող անձանց: Ընդ որում, անհատական լիցենզիան տրվելու է 5 տարի ժամկետով, և յուրաքանչյուր հնգամյա փուլում երկարաձգման հնարավորությամբ:
Բացի այս, առաջարկվում է սահմանել պետական տուրք` անհատական լիցենզիայի տրամադրման համար բազային տուրքի տասապատիկի, իսկ անցումային լիցենզիայի տրամադրման համար` բազային տուրքի եռապատիկի չափով: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ առանց լիցենզիայի աշխատելու դեպքում բուժաշխատողը կարող է տուգանվել: Այսպես, ավագ բուժաշխատողի կողմից առանց անհատական լիցենզիայի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամից 400 հազար դրամի չափով:
Իսկ կլինիկական օրդինատորի կողմից առանց անցումային անհատական լիցենզիայի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամից մինչեւ 400 հազար դրամ: Ի դեպ, այս մասին օրենքն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից:
Ս.Հ.