Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները վերհանելու, դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելու եւ միասնական լուծումներ առաջարկելու նպատակով ձեւավորվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից Քաղաքաշինական խորհուրդ:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ, կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, օրերս կայացել է խորհրդի անդրանիկ նիստը: Ավելի քան 30 անդամից բաղկացած խորհրդի կազմում ընդգրկված են հեղինակավոր, փորձառու ճարտարապետներ, ինժեներներ, բնագավառի այլ մասնագետներ, ինչպես նաեւ Ճարտարապետների պալատի եւ Հայաստանի շինարարների միության ղեկավարները: Խորհրդի մասնագիտական քննարկմանն են դրվելու նաեւ քաղաքաշինական եւ ճարտարապետական առումով կարեւորություն ներկայացնող քաղաքաշինական օբյեկտների, ճարտարապետական համալիրների ու կառուցապատման նախագծերը:
Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է համագործակցության նման ձեւաչափի ստեղծման նպատակը եւ խորհրդի աշխատանքների կազմակերպման կարգը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին կարեւոր նախաձեռնությանը մասնակից լինելու համար՝ նա ընդգծել է մասնագիտական հանրության անմիջական մասնակցությամբ ոլորտի հիմնախնդիրների լուծման առավել արդյունավետ տարբերակներ վերհանելու կարեւորությունը:
Առաջին նիստի ընթացքում, քաղաքաշինական խնդիրների համատեքստում, անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին: Առաջարկներն ամբողջացնելու նպատակով որոշվել է ժամանակ տրամադրել ներկաներին դիտարկումները գրավոր ներկայացնելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ընդունել է IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին, որն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այսօրինակ մրցանակաբաշխությունները նաեւ լավ հնարավորություն են ընձեռում համաշխարհային ազդեցություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին այցելել Հայաստան, ծանոթանալ հայ գիտնականների հետ, որոշ առումով նաեւ նպաստում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Խորհրդային Հայաստանի ունեցած լավագույն ավանդույթների վերականգնմանը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ. ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում: Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպումը:
ԳԱԱ ՏՆՕՐԵՆՆԵՐ ԸՆՏՐՎԵՑԻՆ
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:
Մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը։
Մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԻ
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի։ Այս մասին տեղեկանում են ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։
ՀՐԱՎԵՐ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Armlur.am-ը տեղեկացավ, որ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանին հրավիրել են Գլխավոր դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երեւան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր:
Ըստ այդմ, հայտնում եմ, որ անհրաժեշտ է ներկայանալ սույն թվականի սեպտեմբերի 07-ին՝ ժամը 09:30-ին, իսկ նշված օրը եւ ժամին ներկայանալու անհնարինության դեպքում օրը եւ ժամը համաձայնեցնելու նպատակով հարկավոր է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին:
ՊԱՅԹՅՈՒՆԻՑ 24 ՕՐ ԱՆՑ
«Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից անցել է 24 օր, եւ մինչ օրս քրեական վարույթով մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ:
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը, իսկ մյուս երկու ձերբակալվածները պահեստը շահագործողներն են եղել, սակայն ավելի ուշ փոխտնօրենը ազատ արձակվեց:
«Սուրմալու»-ի փոխտնօրենին ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք։ Մյուս երկու անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։
16 մարդու կյանք խլած դեպքից ավելի քան 24 օր անց քրեական գործում դեռեւս կարգավիճակ չունի «Սուրմալու»-ի սեփականատերը:
Քրեական գործով ArmLur.am-ին որոշակի հանգամանքներ են հայտնի դարձել. այսօրվա դրությամբ ողբերգական դեպքից 24 օր անց հարցաքննվել է 110 քաղաքացի, իսկ, ահա, 85 անձ ճանաչվել է տուժող: