ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՀԻՄՔ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության պաշտոնական հաղորդագրություն է տարածվում, որ հայերեն լեզվին ազատորեն տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ՝ նաեւ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ եւ տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների եւ այլնի վերաբերյալ:

 

Նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների, որոնք ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ եւ ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ փաստաթղթերի հետ:

Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը եւ գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ:

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ այս արարքի համար Արթուր Սարդարյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից 2021 թվականին պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվել էր, եւ նրա դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել էր դատարան: Դատարանը, հաշվի առնելով պետական գաղտնիքի գործոնը, դատական տեղեկատվական համակարգում փակել է քրեական գործը, եւ այն հասանելի չէ ոչ ոքի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պետական դավաճանության համար մեղադրվող Արթուր Սարդարյանն արդարացվել է:

Ստացվում է, որ նախաքննական մարմինը մեծ աղմուկ է բարձրացնում, թե պետական դավաճանության արդյունքում զինվորականները թշնամուն տեղեկություններ են տվել, սակայն ամիսներ անց հասկանում է, որ անձը չի արել այդ արարքը. նրա վրայից մեղադրանքը հանվում է, եւ իրավիճակից դուրս գալու համար այլ մեղադրանք են առաջադրում:

Փաստաբան Վահագն Քեշիշյանը նշում է՝ իր պաշտպանյալն արդարացվել է եւ պետական դավաճանություն չի արել, սակայն ներկայումս խոշտանգման է ենթարկվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԿՐԱԿՈՑԻՑ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 15-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, ինչի արդյունքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վնասվածք:

 

 

 

ՊԱՐԶՎԵԼ Է ՊԱՏՃԱՌԸ

Օգոստոսի 31-ին՝ ժամը 13.30-ին, ԱԻՆ հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Իջեւանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Իջեւան համայնքի «Գինու գործարանի» հարակից տարածքում չոր խոտածածկ տարածք է այրվում: Իջեւանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին պարզվել է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Երեւանյան փողոցի 73-ամյա բնակիչը տան հետնամասում վառել է փայտածուխի պատրաստման տարայի մեջ եղած փայտը, ինչի հետեւանքով հրդեհ է առաջացել, որը տարածվել դեպի հարակից անտառ: 73-ամյա տղամարդը փորձել է հանգցնել բռնկված կրակը, սակայն չի կարողացել, ինչից հետո զանգել է 911 ծառայություն: Այրվել է մոտ 12 հեկտար տարածք:

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչի դին՝ «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք» ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00:30-ին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն քաղաքի 31-ամյա բնակիչ է: Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի Ուկրաինական պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացի նշված անձանց միջեւ, որի ընթացքում 31-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 32-ամյա համաքաղաքացու ձախ թիակի հատվածին ու դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի եւ դիակի զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 31-ամյա տղամարդուն, ինչպես նաեւ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 

 

 

 

 

ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, երեկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով» ներկայացել է Գլխավոր դատախազություն:

Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով. «Ներկայացել է Հ. Աբրահամյանի որդին՝ իր մասով. մյուսները դեռեւս անձամբ կամ ի դեմս իրենց ներկայացուցիչների դեռ չեն ներկայացել: Սպասվում է, որ առաջիկայում կներկայանան»:

Նշենք, որ ՀՀ գլավոր դատախազությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրել էր Գլխավոր դատախազություն: Հիմքում նշվում է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երեւան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ կարող եք 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը եւ ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը եւ ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԵՊՔԵՐԻ  ԱՃ

Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է 20963 հանցագործության դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5237-ով կամ 33 տոկոսով: Վիճակագրության կոմիտեից տեղեկանում ենք, որ մասնավորապես անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 1562-ով կամ 70 տոկոսով: Սպանությունները 33-ից դարձել են 163, աճը՝ շուրջ 5 անգամ:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները աճել են 2669-ով կամ 81 տոկոսով: Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 444-ով կամ 5,5 տոկոսով: Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 234-ով կամ շուրջ 16 տոկոսով:

Հանցագործությունների ընդհանուր քանակից կոռուպցիոն բնույթի հանցագործությունները նվազել են 71-ով կամ 13 տոկոսով:

 

 




Լրահոս