«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ քաղաքացիների շրջանում շուտով նոր բունտ է հասունանալու: Պատճառը Հայաստանում գործող առեւտրային բանկերն են, որոնք, ըստ դժգոհող քաղաքացիների, սկսել են իրենց «թալանելու» գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ տարադրամի կանխիկացման համար ՀՀ գրեթե բոլոր բանկերում գանձվում է 3 տոկոս միջնորդավճար: Նույնն է նաեւ դոլարային հաշվից կանխիկացում կատարելիս: Նմանատիպ մի բողոք «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ մի քաղաքացուց, որի պատմելով՝ ինքը «Ինեկոբանկ»-ում կանխիկացում կատարելու ժամանակ է միայն պարզել, որ բանկը 3 տոկոս է գանձել, այսինքն՝ ինքն իր սեփական հաշվից գումար հանելիս 3 տոկոսը տվել է բանկին ոչնչի դիմաց:
«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի հետքերով գնաց «Ինեկոբանկ»-ի գլխավոր գրասենյակ, որտեղ մեզ հրաժարվեցին պաշտոնապես մեկնաբանություն տալ եւ պահանջեցին հարցը գրավոր ուղարկել: Մյուս կողմից՝ բանկերից քաղաքացիներին պատճառաբանում էին, որ արտարժույթը քիչ է. պատճառը ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաներն են, քանի որ Ռուսաստանում դոլարը քիչ է, եւ այսօր շատերը Հայաստանից են կանխիկ դոլարը փոխանցում ՌԴ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Կենտրոնական բանկը 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար է սահմանել՝ փորձելով արհեստականորեն խոչընդոտել ՌԴ տեղափոխվող դոլարի կանխիկացումը, բայց, արի ու տես, այս ամենի արդյունքում տուժում են ՀՀ շարքային քաղաքացիները:
Բացի այս, որոշ ՀՀ բանկեր հայտարարում են, որ սա ժամանակավոր բնույթ է կրում եւ պայմանավորված է համաշխարհային ճգնաժամային իրավիճակով։ Մի խոսքով, թեկուզ ժամանակավոր, բայց գերշահույթներ է ստանում այս դեպքում «Ինեկոբանկ»-ը՝ ՀՀ քաղաքացիների սեփական միջոցների հաշվին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։