Ադրբեջանի ավիաուղիների ամենամեծ մարդատար ինքնաթիռը՝ Airbus A340-500-ը, դեռ նախորդ շաբաթ հաջողությամբ իրականացրել է իր առաջին տեխնիկական թռիչքն ու վայրէջք կատարել այսպես կոչված Զանգիլանի՝ Կովսականի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղու վրա։
Բաքու-Կովսական երթուղու մարդատար ինքնաթիռի թռիչքի տևողությունը մոտ 45 րոպե է եղել։
Օդանավակայանը բազմաֆունկցիոնալ է լինելու ու ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դառնալու է տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային և սոցիալական խնդիրների լուծման կարևորագույն գործիքներից մեկը։ Պաշտոնական Բաքվի փոխանցմամբ՝ այն համապատասխանում է միջազգային բոլոր բարձր չափանիշներին և պահանջներին:
Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը և լայնությունը համապատասխանաբար 3000 ու 60 մետր են:
Նշենք, որ ի թիվս Կովսականի օդանավակայանի՝ 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում մի շարք ավտոճանապարհներ, կամուրջներ, մի քանի կիլոմետրանոց թունելներ ու երկաթուղային գծեր է կառուցել:
Սևակ Վարդումյան