ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Բաքվում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին նվիրված միջոցառման ընթացքում, որին մասնակցում են նաեւ ռուսական ու իրանական կողմերը։

 

Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացում խաղաղությունն այլընտրանք չունի, եւ դրան հնարավոր է հասնել՝ առաջին հերթին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով՝ յուրաքանչյուրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչման, հարգման միջոցով եւ միջազգային ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա, ասել է Մուստաֆաեւը։

Ադրբեջանի փոխվարչապետն անդրադարձել է նաեւ 3+3 ձեւաչափին։ Մուստաֆաեւը նշել է, որ այդ ձեւաչափը ծառայելու է նոր ստեղծված իրողությանը, նպաստելու է տարածաշրջանի անվտանգությանը։

Հիշեցնենք, որ 3+3 համագործակցության վեցակողմ ձեւաչափը առաջարկվել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ռուսաստանն ու Իրանը ողջունեցին այս գաղափարը, Վրաստանը հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին եւ Երեւանին առաջարկում է բանակցությունների իր ձեւաչափը՝ «եռյակի» տեսքով խաղաղությունը պահպանելու համար։ Պաշտոնական Երեւանն էլ հայտարարեց, որ այս «հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ եւ փոխընկալելի օրակարգի ձեւավորմանը՝ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձեւաչափերի գործունեության կրկնորդումներից»։

Շահին Մուստաֆաեւը գլխավորում է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության Ադրբեջանի հանձնաժողովը, ինչպես նաեւ հաղորդակցության ուղիների վերականգնման հարցով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է՝ իր հայ եւ ռուս պաշտոնակիցներ Մհեր Գրիգորյանի եւ Ալեքսեյ Օվերչուկի հետ:

 

 

 

ԵՀԽ ՓՈԽՄՈԴԵՐԱՏՈՐ

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկիր ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրել են ԵՀԽ փոխմոդերատոր։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ նշելով, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը եւ երկու փոխմոդերատորները գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական եւ գործադիր կոմիտեների նիստերը։

 

 

 

ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ԱՄՆ ողջունում է հայ 5 ռազմագերիների վերադարձը Հայաստան։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Մենք ողջունում ենք հայ կալանավորների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, ինչը դրական զարգացում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի համար։ Մենք հուսով ենք, որ մնացած բոլոր կալանավորները եւս շուտով կվերադառնան տուն, եւ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձեւավորելու եւ առկա տարաձայնությունները լուծելու համար»,- ասված է Փրայսի գրառման մեջ։

 

 

 

ՈՐՊԵՍ ՀՅՈՒՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում որպես հյուր կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովին:

 

 

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Վրաստանի եւ Հայաստանի էներգետիկ շուկայի օպերատորները համաձայնագիր են ստորագրել՝ արտակարգ իրավիճակներում էլեկտրաէներգիա տրամադրելու մասին։

Համապատասխան փաստաթուղթը կազմվել է Վրաստանի պետական էլեկտրաէներգետիկ համակարգի եւ Հայաստանի «Շուկայի քլիրինգի կենտրոնի» միջեւ։

 

 

 

ՎԵՐՋ Է ՏՎԵԼ ԿՅԱՆՔԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ինքնսպանության դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Մասնավորապես՝ սեպտեմբերի 8-ին Կաքավաձորի բնակիչը, ննջասենյակից դուրս գալով, վայր է ընկել երկրորդ հարկից դեպի առաջին հարկ իջնող բետոնե աստիճանավանդակի վրա եւ մահացել:

Արդյունքում՝ իրավապահները տարեց կնոջ մահվան դեպքով կասկածներ են ունեցել եւ փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվել եւ ինչու պետք է Լ.Մկրտչյանը վերջ տար կյանքին: Մտերիմները պատմել են, որ կնոջ որդին 2 շաբաթ առաջ է մահացել, ինքն էլ, ըստ հարազատների, ունեցել է տարօրինակություններ եւ որդու կորստից դրդված նա վերջ է տվել կյանքին:

 

 

 

ԴԱՏԱՎՃՌԻ ՓՈՒԼ

129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ Հակոբ Գրգորյանի գործը մոտենում իր տրամաբանական ավարտին

ArmLur.am-ը գրել էր, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, աշխատելով Երեւան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, եւ քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ 226.2 երկրորդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը՝ պատժվում են ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Մեզ հետ զրույցում պատմության ուսուցչի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ դատարան են բերելու ձայնագրություն:

Եթե դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչի պատմության ուսուցչին, ապա նա կամ կդատապարտվի 1-3 տարվա ազատազրկման, կամ մինչեւ 3 ամիս կալանքի, կամ էլ կտուգանվի առավելագույնը 300 հազար դրամով։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ներկայացնում է, թե քրեական գործով ինչ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, եւ նա միգուցե մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան կգնա:

 

 




Լրահոս