Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը:
Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցները։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ: