ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սուրմալու»-ն ապամոնտաժելու գրավոր հրաման է եղել, չի կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց դեռեւս աղետի գոտի համարվող «Սուրմալու»-ի տարածքից չեն մաքրվել փլատակների հետքերը, չի ապամոնտաժվել պայթունավտանգ վիճակում գտնվող շինությունը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ փլուզվել է պայթած շենքի պատը, ունենք երեք վիրավոր: Հիմա՝ հարց ո՞ր կառույցն է տեղի ունեցածի համար պատասխանատվությունը վերցնելու իր վրա:

Պարզվում է՝ մեր պետական կառույցները ձեռքները լվացել են, անհետացել: Կառավարությունը բավարարվել է գումար փոխհատուցելով, եւ միայն:

ՀՀ քննչական կոմիտեն վաղուց ավարտել է քննչական գործողությունները, բայց շենքն ապամոնտաժողը չկա: Ոչ միայն չկա, այլեւ՝ հայտնի չէ, թե ով է: Քննչական կոմիտեն, պետական եւ հանրային մարմինները միմյանց վրա են գցում պատասխանատվությունը: Օրեր առաջ քննչական կոմիտեից արդարանում էին, թե քննչական գործողություններ են ընթանում, իսկ քաղաքապետարանը շարունակում է հայտարարել, որ որեւէ լծակ չունի մասնավոր տարածքում գործառույթներ իրականացնելու կամ միջամտելու: Ինչ է նշանակում լծակ չկա:

Երբ քաղաքապետարանի աշխատակիցները տեխնիկայով գնում ու մարդկանց շինությունները ապամոնտաժում են, այդ ժամանակ գործառույթ ունի: Բայց հենց առաջին պետական մարմինը, որը պետք է շահագրգռված լիներ այդ տարածքն աղբից մաքրելու, վթարային շինությունն ապամոնտաժելու, հարցում, ուղտի ականջում քնած են՝ քաղաքապետից սկսած:

Մյուս անպատասխանատու կառույցը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դարձյալ անգործություն է ցուցաբրել այս հարցում: Մինչդեռ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո ԱԻՆ-ը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեր, որպեսզի տարածքում անվտանգ լիներ: Բայց ԱԻՆ-ը բավարարվել է ժապավեններ կապելով միայն ու վերջ: Այդքանով իրենց գործը համարել են ավարտված ու գնացել տուն: Որեւէ վերահսկողություն ոչ ԱԻՆ-ի եւ ոչ էլ քաղաքապետարանի կողմից, չի իրականացվել, տարածքում տնտեսվարողները շարունակել են աշխատել, մարդիկ ելումուտ են արել: Բայց երբ Սուրմալու» առեւտրի կենտրոնում խոշոր պայթյուն եղավ,

ԱԻՆ-ի ղեկավար կազմը շտապեց դեպքի վայր, լուսանկարվեց, մի կարգին PR արեց՝ ցույց տալով հանրությանը, որ աշխատում են:

Աշխատանքի պտուղները երեկ տեսանք. Վթարային շինության պատը փլվեց, մարդիկ վիրավորվեցին, տնտեսվարողները վնասներ կրեցին:
Բայց այս գերաեսչությունների ամենաթողությունն առջեւում է. պարզվում է՝ ԱԻՆ-ը սեպտեմբերի 2-ին սեյսմիկ ծառայության միջոցով իրականացրել է տարածքի եւ շենքի զննություն եւ բոլոր խնդիրները վեր հանելով ուղարկել է չորս գերատեսչություն, որոնցից ոչ ոք չի արձագանքել: Խոսքը Երեւանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի, քննչական կոմիտեի եւ ոստիկանության մասին է:

«Թե ինչու գերատեսչությունները չեն արձագանքել, դա իրենցից ճշտեք: ԱԻՆ-ը որեւիցե գործառույթ չունի ապամոնտաժման, դրա համար էլ որեւիցե բան չի արել: Բազմաիվ անգամ հայտարարվել է՝ եթե ապամոնտաժման արդյունքում ԱԻՆ-ի օգնությունը պետք լինի, մենք պատրաստ ենք»,- ArmLur.am-ին փոխանցեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանդյանը: Երեւանի քաղաքապետարանը դեռ այս պահի դրությամբ շարունակում է մնալ իր կարծիքին՝ «մասնավոր տարածքում քանդելու գործառույթ չունի»:

Մինչդեռ կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության ղեկավար Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ քաղաքապետը պետք է շտապ քանդման թույլտվություն տա:

Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ սա առաջին դեպքը չէ, որ մեր պետական գերատեսչությունները մեկը մեկից տեղյակ չեն, գործը գցում են միմյանց վրա: Այո, եւ երեկվա փլուզումը, երեք վիրավորը եւ տնտեսվարողների կրած լուրջ վնասների պատասխանատվությունը մնում է նշված կառույցների վրա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս