Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը Հայ Դատի Ազգային խորհրդի անդամ Աիդա Դիմեջյանի, կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանի և Հայ Դատի տեղական կոմիտեի անդամների ուղեկցությամբ հանդիպել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի հետ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը կոչ է արվել դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։
Սեպտեմբերի 19-ին «Կապիտոլիումի ողջույնն Արցախի անկախությանը» վերտառությամբ միջոցառմանը կոնգրեսական Չուն, ով 2019 թվականին այցելել էր Արցախ նշել է, որ մինչև 2020 թվականի պատերազմը, Արցախում հայերը բարգավաճում էին։ Վերոնշյալ այցի և իր դիրքորոշման պատճառով արգելվեց կոնգրեսական Չուի մուտքն Ադրբեջան, ինչը նա համարում է «պատվո նշան»:
«Դա ինձ ստիպում է ավելի ակտիվ հանդես գալ Արցախի և Հայաստանի խաղաղ ժողովրդի օգտին», – նշել է կոնգրեսական Չուն, ով Հայաստանի դեմ վերջին հարձակումները որակել է որպես «հերթական հարձակում ինքնորոշման, ժողովրդավարության և ազատության գաղափարների վրա»։ «Մենք պետք է դիմադրենք դրան։ Պետք է այլևս դադարեցվի ամերիկյան որևէ օգնություն Ադրբեջանին, և բռնությունների շարունակման դեպքում պետք է կիրառվեն պատժամիջոցներ»,- նշել է Չուն: