Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին՝ Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է ռեժիսոր Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ֆիլմի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
«Այժմ, առավել քան երբեւէ, կարեւոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան»,-ասվում է տեքստում:
Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուի գիտական աջակցությամբ եւ Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։
«Արշալույսի լուսաբացը» ստեղծվել է «Բարս Մեդիա»-ի կողմից (Հայաստան), Gebruder Beetz Filmproduktion-ի (Գերմանիա) եւ Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա) հետ համատեղ արտադրությամբ։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Eurimages-ին, Հայաստանի Ազգային կինոկենտրոնին, Լիտվայի կինոկենտրոնի, Arte/ZDF-ին, ինչպես նաեւ բոլոր այլ ֆոնդերին, դրամաշնորհներին եւ հիմնադրամներին, ովքեր օգնել են այս ֆիլմի արտադրությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ոչ միայն հանգամանքները, այլեւ ապրելու համար պայքարելու մեծ կամքն են Արշալույս Մարտիկյանին (Ավրորա Մարտիկանյան) 1915 թվականին փրկել Հայոց ցեղասպանությունից, հնարավորություն տվել հաստատվել օտար երկրում եւ առաջ գնալ՝ հաղթահարելով բոլոր փորձությունները:
«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում Ավրորայի մասին՝ լսարանին հորդորելով չհանձնվել ոչ մի պարագայում եւ փորձել ճիշտ կողմնորոշվել անգամ ամենադաժան իրավիճակներում:
Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Ֆրանսիայում՝ «Անսի» միջազգային հեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնում, ցուցադրվել է Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, որն անցկացվել է 2022-ի հուլիսի 10-17-ը եւ արժանացել է արծաթե ծիրանի:
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային մի շարք համայնքներում դասապրոցեսը մեկ շաբաթ կիրականացվի հեռակա՝ պայմանավորված վերջին օրերին Ադրբեջանի հարձակմամբ: Այս մասին ArmLur.am- ին ասաց Գեղարքունիքի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
«Հեռավար ուսուցման են անցել մարզի 12 դպրոց: Կութի, Նորաբակի, Սոթքի, Գեղամասարի, Շատջրեքի, Ջաղացաձորի, Շատվանի, Խաչաղբյուրի, Ազատի եւ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցները: Նախատեսված է մեկ շաբաթ, որից հետո պարզ կդառնա կշարունակեն հեռավար, թե առկա: Կախված է անվտանգությունից»,-նշեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր գործել Հայաստանի Հանրապետության վրա:
«ՎԱՆԵՆՔ ՉԱՐՆ ՈՒ ՆԱԽԱՆՁԸ»
Հայաստանում սահմանային լարված եւ պատերազմական վիճակով պայմանավորված՝ իր կոչն է հղել համայն հայությանը նաեւ ՀՀ վաստակավոր երգիչ, ազգային երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը:
Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց.
«Նախ խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին եւ իրենց ընտանիքներին… հազար փառք…Վիրավորներին շուտափույթ ապաքինում… Մեր առյուծների շնորհիվ կասեցվեց թշնամին. բայց…
Կոչս եւ խնդրանքս եմ ուղղում Հայաստանում եւ աշխարհում ապրող մեծահարուստ եւ հնարավորություն ունեցող հայրենակիցներիս:
Թշնամին ընդամենը 60 կմ է հեռու Երեւանից… տասնյակ հազարավոր զորք` մինչեւ ատամները զինված ու հային աշխարհի երեսից ջնջելու նպատակով սպասում է հարձակման…:
Խնդրանքս. Ձեր ներդրումն ունեցեք, կանգնեք հայոց բանակի կողքին…թողեք բոլոր տարաձայնություններն այս պահին…
Սիրելի հայրենակից, այս օրհասական պահին տանը նստած սոցցանցում մի զբաղվիր ինքնագովազդով, թե` ինչքան ես սիրում հայրենիքդ,.թե` ինչերի ես պատրաստ…լուռ սիրիր եւ պետք եղիր…մի փնովիր եւ ատիր ուրիշ հայրենակցիդ` ինքդ տանը նստած, որ նա դեռ չի գնացել սահման ու չի զոհվել…Վանենք չարն ու նախանձը մեր մեջից… Համախմբվենք …միմյանց լրացնենք…Աստծով լցվենք…զգոն լինենք…մի բռունցք դառնանք…թշնամին սարսափում է հայի միասնությունից…»
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա, որի արդյունքում ունենք մի քանի տասնյակ զոհ եւ վիրավոր, ինչպես նաեւ գերեւարված զինվորներ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ
Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աշխարհի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումների վրա։
«Ես խախտում եմ իմ լռությունն այստեղ, քանի որ կարծես թե մի նոր ողբերգություն է ծավալվում, ու կա վտանգ, որ ինչպես միշտ այս օրերին, մեդիան այս մասին ճշմարտացի կերպով չի հաղորդի»,- այս մասին գրել է Մեյը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ, քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզյակ է՝ շրջապատված բռնապետական երկրների կողմից։
«Սա աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է՝ խորը ամբարված տխրությամբ՝ իր ողբերգական պատմության պատճառով: Առաջին աշխարհամարտի տարիներին 1,2 մլն հայեր սպանվեցին, Օսմանյան կայսրությունում՝ վայրագ էթնիկ զտման գործողություն, որը մինչ օրս հերքվում է Թուրքիայի կողմից։ Այսօր Հայաստանը կրկին սպառնալիքի տակ է՝ դավադրություն, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջելու այդ երկիրը։ Երկու օր առաջ Հայաստանի սահմանի խաղաղ գյուղերը հրետակոծվեցին Ադրբեջանի կողմից, հարձակում, որի նպատակն էր ահաբեկելու հայ ժողովրդին ու ապակայունացնելու իրավիճակը»,- նշել է Մեյը՝ ընդգծելով, որ Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ եւ կարիք ունի լիակատար աջակցության Արեւմուտքի կողմից։
Բրիտանացի լեգենդար կիթառահարը կիսվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին System Of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմամբ։ «Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում. խնդրում եմ տարածեք սա՝ հակադրվելով կեղծ ինֆորմացիային, որը ակտիվորեն տարածում են Ադրբեջանն ու նրա դաշնակիցները՝ փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը փորձեց անմեղ ուկրաինացիներին ներակայացնել ագրեսոր։ Աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է սատար կանգնենք ճշամտրությանն ու արդարությանը»,- նշել է Մեյը։
ՀԱՂԹԵԼ Է 6 ԽԱՂՈՒՄ
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ հաղթել է Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում, որն այս տարի անցկացվել է արդեն 17-րդ անգամ։
Հայաստանի թիմը վաստակել է 18 միավոր՝ հաղթելով 6 խաղում եւ պարտվելով մեկում։
Երկրորդ տեղը 16 միավորով զբաղեցրել է Լիտվայի թիմը, երրորդը՝ 14 միավորով՝ Կաունասի։ Միջոցառմանն այս տարի մասնակցել են 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից։