Այսօր Խորհրդարանում հյուրընկալեցի Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ԵԽ խոսքի ազատության հարցերով համագործակցության բաժնի վարիչ Արդիտա Աբդիուին եւ «Հայաստանում լրատվության ոլորտի կարիքների գնահատման վերաբերյալ» զեկույցի հեղինակ Քրիստինա Ռոզգոնիին: Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Խոսեցի Հայաստանում լրատվության ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին, մասնավորապես՝
• մինչպատերազմական եւ հետպատերազմական շրջանում մեդիա ոլորտի խնդիրների առաջնահերթությունների,
• համացանցում ազգային հերոսների (Մոնթե Մելքոնյան, Գարեգին Նժդեհ…) մասին հրապարակումների դեպքում լրատվամիջոցների էջերի, լրագրողների եւ օգտատերերի բլոկավորման,
• լրատվական դաշտի բեւեռացվածության, Նիկոլ Փաշինյանի կողմից սեւերի ու սպիտակների բաժանված լինելու,
• Մեդիագրագիտության մակարդակի բարձրացման անհրաժեշտության,
• լրագրողներից ու լրագրողական կազմակերպություններից գաղտնի, վերջիններիս առնչվող օրենքներ ընդունելու,
• լրագրողների դեմ բռնությունների,
• լրագրողական աղբյուրների պաշտպանվածության,
• լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության,
• լրագրողներին գաղտնալսման անթույլատրելիության,
• լրագրողների եւ լրատվամիջոցների իրավահավասարության մասին, կոչ արեցի միջազգային գործընկերներիս՝ իրենց կողմից եւս տարբերակված մոտեցում չցուցաբերել հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ:
Մեդիադաշտում հավասար հնարավորություններ պետք է ունենան բոլորը եւ դա պիտի խրախուսեն նաև միջազգային մեր գործընկերները: