ՀՀ ՄԻՊ-ը ՄԻԵԴ նախագահին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Պաշտպանը կարևորել է միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Իր խոսքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման կարևորությունը անվտանգության լրջագույն սպառնալիքների համատեքստում:

Գրիգորյանն անդրադարձել է ՄԻԵԴ-ում քննվող գործերով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ հանդես գալու իրավասությանն ու այդ ուղղությամբ Պաշտպանի հաստատության կողմից տարվող աշխատանքներին:

Գրիգորյանը նաև Դատարանի նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որում ի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:

Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին:

ՄԻԵԴ նախագահն ընդգծել է Դատարանի գործունեության շրջանակներում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության նշանակությունը, Պաշտպանի կողմից փաստարկված տեղեկատվության հավաքագրումն ու տրամադրումը:




Լրահոս