ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։
«Հիմք ընդունելով Վաղինակ Ջանազյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումը, գլխավոր դատախազ Աննա Աննա Վարդապետյանը ստորագրել է հրաման՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո գլխավոր դատախազի 3 տեղակալներ ազատվել են պաշտոնից:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Դատախազությունում որոշ պաշտոնյաներ տրամադրված էին հեռանալուն դեռ մինչև նոր դատախզի գալը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն եւ ազատման դիմում կգրեն: Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանի հարցը մի քիչ այլ է. դատախազությունում վստահ են, որ Աննա Վարդապետյանը նրա հետ չի աշխատի, ուստի, այսպես, թե այնպես, նա ևս կազատվի պաշտոնից: Միակ տեղակալը, որ թերևս կմնա դատախազությունում, Գեւորգ Բաղդասարյանն է, որին պաշտոնից չեն ազատի: Բանն այն է, որ նա թեեւ դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաև մարտի մեկի գործով մեղադրող դատախազներից մեկն է եւ ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը: