ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ քաղաքացի» հ/կ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն այն համոզմանն է, որ Հայաստանը պետք է նախաձեռնի ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց ու իրական ապտակ հասցնի Ռուսաստանին։ ArmLur.am -ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ այս` գործող իշխանությունները նման գործընթաց կսկսեն ի վերջո։

 

-Պարո՛ն Խուրշուդյան, այսօր Դուք նույնպես Հայաստանի  արտաքին գործերի նախարարության առջեւ մասնակցում եք հանրահավաքին: Պահանջը Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն է, եթե նման գործընթաց սկսի, ինչը  լրջագույն ապտակ է Ռուսաստանի Դաշնությանը, ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամբողջ գործողությունների համալիրը:

-Նախ՝ Ռուսաստանը Հայաստանին վաղուց ապտակել է, ոչ միայն ապտակել է, այլ ավելի ուժգին վնասներ է հասցրել, եւ Ձեր ասած ապտակը շատ տեղին կլինի՝ գոնե պետական արժանապատվությունը ապահովելու համար, բայց մենք չպետք է մոռանանք, որ այդ ապտակը ունի այլ կողմ. այդ կողմից՝ հարաբերությունների վատթարացում է Ռուսաստանի հետ, բայց մյուս կողմից՝ մեզ համար լայն հնարավորություն է բացում՝ մեր անվտանգությունը բացելու, արեւմուտքի հետ հարաբերությունները սերտացնելու շնորհիվ: Մենք այլեւս կդիտվենք արեւմուտքի կողմից մի ուժ, որը պատրաստ է քայլ անել Ռուսաստանի կայսրությունից պոկվելու, եւ Ռուսաստանի այս՝ երկարատեւ դավաճանական քայլերին «ոչ» ասելու համար: Եթե մենք պետական արժանապատվություն չունենանք, ոչ ոք մեզ չի աջակցելու: Խոսքը նրա մասին չէ, որ ինչ որ մեկը գալու է, որ մեր փոխարեն կռվի, մեր ժողովուրդը կռվել է եւ կկռվի մեր սահմանների համար, բայց դրա համար պետք է զենք ունենանք. ո՛չ Արցախյան պատերազմի ժամանակ ուրիշները եկան եւ կռվեցին, եւ ո՛չ էլ հիմա են Հայաստանի սահմանների համար կռվելու գալու: Քանի՞ անգամ դիմեցինք ՀԱՊԿ-ին, ոչ ոք չեկավ ու չի էլ գալու: Երբ այս իրողությունը հասկանանք ազգովի, մենք կարող ենք դուրս գալ եւ գնալ այնտեղ, որտեղ մեզ գոնե զենք կտան, որ  կռվենք, ինչպես օրինակ՝ Ուկրաինան է կռվում: Մենք պետք է պաշտպանենք մեր սահմանները արդիական զենքերով: Ներկա պահին մենք միայն կարողանում ենք մտածել ադրբեջանցիներին դիրք չտալու մասին, այնինչ պետք է մտածենք՝ դիրքեր հետ բերելու մասին:

-Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեզ առհասարակ զենք չեն վաճառում. ո՞վ է մեզ զենք վաճառելու, եւ ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հայտարարությունը:

-Քանի դեռ մենք այսպես ամուր՝ ռուսաստանի պոչը բռնած ենք, ոչ  մեկը մեզ զենք չի էլ վաճառի, լավագույն դեպքում, եթե վաճառեն, ապա 3-րդ կարգի երկրներ, 3-րդ կարգի զենք, որով անգամ չենք էլ կարող կռվել: Ադրբեջանը ստանում է լավագույն զենքերը Իսրայելից եւ Թուրքիայից, մեզ անհրաժեշտ է գոնե այդ մակարդակի եւ ծավալի զենք:

-Գուցե բանակցելու հմտություննե՞ր ունեն Ձեր կողմից նշված այդ երկրները կամ նրանց ղեկավարները:

-Մենք հենց դրա համար էլ գործող իշխանություններից պահանջում ենք, որ իրենք՝ իրենց բանակցելու հմտությունները զարգացնեն:

_Արդյո՞ք խելամիտ է նման պահանջը, պարո՛ն Խուրշուդյան: Չորսուկես տարի է ինչ նրանք իշխանության են, հույս կա՞, որ կարող են տանել բանակցություններ, որոնք Հայաստանի պետական շահերից կբխեն:

-Այնպես չէ որ անհույս է. այսօրվա արտաքին քաղաքական քայլերը, որ տեսնում ենք, իշխանությունների  մշտական այցելությունները, պատահական չեն բնականաբար: Այս ամենը խոսում է այն մասին, որ առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու՝  որոշակի հաջողության  հասել են: Ես վստահ եմ, որ եղել են բազմաթիվ հանդիպումներ, որոնք չեն բացահայտվում, այս ամենը նշանակում է, որ որոշակի հույս կա, մնում է քաջություն դրսեւորել, այստեղ անգամ հմտություններ անհրաժեշտ չեն:

-Բայց ամեն վայրկյան վտանգ կա, որ արկերը կարող են ընկնել Հայաստանի սուվերեն տարածքի վրա:

-Դե մենք առայժմ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների միջնորդությունը գործում է, եւ կանգնել է պատերազմը՝ ի տարբերություն Ռուսաստանի միջնորդության, որը չգործեց:

-Այս դեպքում Ձեր կարծիքով ու՞մ միջնորդությունն է, քանի որ Ռուսաստանն ասում է՝ իմ միջնորդությունն է, իսկ  ԱՄՆ-ն ասում է, թե իր միջնորդությունն է:

-Ես հորդորում եմ հետեւել  պաշտոնական տեղեկատվությանը: Պաշտոնական տեղեկատվությունը եղել է Հայաստանի բարձրագույն իշխանության կողմից, որ սա  եղել է Միացիալ Նահանգների միջնորդությունը, որի համար հատուկ շնորհակալություն են հայտնել: Նույն բանը կրկնել է Միացյալ Նահանգները, հիմա կողքից Ռուսաստանը ուզում է մեջ ընկնել: Ռուսական միջնորդություն եղել է, բայց դա ոչնչի չի բերել: Ադրբեջանը այդ միջնորդությանը չի արձագանքել, քանի որ նախապես համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ: Պարզ է, որ նման միջնորդությունը չէր կարող գործել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Երեկ Խորհրդարանում հյուրընկալեցի Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ԵԽ խոսքի ազատության հարցերով համագործակցության բաժնի վարիչ Արդիտա Աբդիուին եւ «Հայաստանում լրատվության ոլորտի կարիքների գնահատման վերաբերյալ» զեկույցի հեղինակ Քրիստինա Ռոզգոնիին»: Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

«Խոսեցի Հայաստանում լրատվության ոլորտում առկա մի շարք խնդիրների մասին, մասնավորապես՝

Մ մինչպատերազմական եւ հետպատերազմական շրջանում մեդիա ոլորտի խնդիրների առաջնահերթությունների,

Մ համացանցում ազգային հերոսների (Մոնթե Մելքոնյան, Գարեգին Նժդեհ…) մասին հրապարակումների դեպքում լրատվամիջոցների էջերի, լրագրողների եւ օգտատերերի բլոկավորման,

Մ լրատվական դաշտի բեւեռացվածության, Նիկոլ Փաշինյանի կողմից սեւերի ու սպիտակների բաժանված լինելու,

Մ Մեդիագրագիտության մակարդակի բարձրացման անհրաժեշտության,

Մ լրագրողներից ու լրագրողական կազմակերպություններից գաղտնի, վերջիններիս առնչվող օրենքներ ընդունելու,

Մ լրագրողների դեմ բռնությունների,

Մ լրագրողական աղբյուրների պաշտպանվածության,

Մ լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության,

Մ լրագրողներին գաղտնալսման անթույլատրելիության,

Մ լրագրողների եւ լրատվամիջոցների իրավահավասարության մասին, կոչ արեցի միջազգային գործընկերներիս՝ իրենց կողմից եւս տարբերակված մոտեցում չցուցաբերել հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ:

Մեդիադաշտում հավասար հնարավորություններ պետք է ունենան բոլորը, եւ դա պիտի խրախուսեն նաեւ միջազգային մեր գործընկերները»:

 

 

 

 

 

«ԿԱՐԵԼԻ ԷՐ ԶԵՆՔ ԱՌՆԵԼ»

Ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վիտալի Մանգասարյանն ասում է, որ երկու տարում` 44-օրյա պատերազմից հետո, պաշտպանության նախարարությունում սահմանների կահավորման ու զենք ձետք բերելու առումով, անխոս, հնարավոր էր մի շարք փոփոխություններ անել։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ պաշտպանական քաղաքականություն իրականացնող գերատեսչությունում նախ պետք էր կոմպետենտ ղեկավար նշանակել, ավելին` այդ երկու տարում հնարավոր էր 5-6 ամիս ԳՇ պետի պաշտոնը թափուր չթողնել. ինչն իր ուղղակի եւ անուղղակի հետեւանքները թողեց բանակի մարտունակության վրա։ «Մինչ այս պահը ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակված մարդ չկա. ահա այդ ամենն էր անհրաժշտ իրականացնել 2 տարվա ընթացքում։ Երկու տարին բավական էր հասկանալու համար, որ թշնամական հարեւանի հետ, առնվազն այս փուլում, հնարավոր չէ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան» բացել։ Հասկանալ նաեւ, որ այդօրինակ թեզերով բթացնում ու իրականության զգացումից կտրում են մարդկանց։ Երկու տարվա ընթացքում կարելի էր պարգեւավճարներ չստանալ եւ այդ միջոցները ուղղել բանակի հզորացման գործին»,-մեզ հետ զրույցում շեշտում է ռազմական փորձագետը։ Ըստ նրա` երկու տարում կարելի էր հասկանալ նաեւ, որ դիվանագիտական բլոկը պետք է բաղկացած լինի փորձառու դիվանագետներից, ոչ թե լավ անգլերեն կամ իսպաներեն իմացող մարդկանցով։ «Ահա այս ամենն ու մի շարք այլ հանգամանքները ուղիղ կապ ունեն պետության անվտանգության, բանակի զինման եւ մարտունակության հետ»,- ըմդգծում է Մանգասարյանը։

 

 

 

 

 

ՊՆ-Ն ԱՆՀԱՂՈՐԴ Է

ArmLur.am-ի հայտնի դարձավ, որ երեկ՝ ժամը 12:00-ին, սեպտեմբերի 13-ի պատերազմի մասնակից, անհետ կորած զինվորների հարազատները հավաքվելու են պաշտպանության նախարարության մոտ, պահանջելու են իրենց երեխաների գտնվելու մասին տեղեկություններ տրամադրել։

«Ես դիմել եմ բոլոր պետական մարմիններին, Կարմիր Խաչին՝ առաջին իսկ օրվանից, բայց ոչ մի նորություն: Տպավորություն է, որ մատների արանքով են նայում, ոչ մի քայլ չեն ձեռնարկում մեր երեխաներին գտնելու համար»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորի հայր Վահե Ղազարյանը: Մեր զրուցակցի խոսքով` որդու հետ կապ է եղել մինչեւ սեպտեմբերի 13-ը, որից հետ կապն անվերադարձ ընդհատվել է:

«Ես միայն պահանջում եմ լրջորեն զբաղվել մեր երեխաների որոնողական աշխատանքներով, ինչքա՞ն կարելի է ձգձգել, դուք պատկերացնո՞ւմ եք ծնողների վիճակը: Ինչքա՞ն կարելի է ծնողների ներվերի հետ խաղալ: Առողջ տվել ենք, ո՞րտեղ են մեր երեխաները, իմ տղային մնացել էր 6 ամիս, ո՞ւր է իմ երեխեն: Ցելի վաշտով չկան, վաշտի հրամանատարը չկա, ումի՞ց հարցնեմ իմ երեխու տեղը, եթե ՊՆ-ն անհաղորդ է»,-վրդովված պատմեց Վահե Ղազարյանը՝ նշելով, որ այսօր նախարարության դիմաց բողոքի ակցիա են անելու՝ վերը նշված պահանջով:

 

 

 




Լրահոս