ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 100

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ դեռ նոր էր դարձել գործադիրի ղեկավար, մամուլի ասուլիսներ էր անցկացնում եւ 100 փաստ ներկայացնում կառավարության աշխատանքի մասին: «Ժողովուրդ» օրաթերթն այսօր ներկայացնում է 100-րդ ապացույցը, որ նա իր տարբեր հայտարարություններով խաբել է ՀՀ քաղաքացիներին: Դրանք եղել են թե՛ պատերազմին, թե՛ սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող հարցերի ժամանակ: Օրինակ՝ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերն առաջին անգամ էին մտել Հայաստանի սուվերեն տարածք եւ հաստատվել Սեւ լճի տարածքում, նաեւ առաջ եկել Գեղարքունիքի մարզում, եւ մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը ՔՊ ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել էր. «Մենք ասենք, որ հա նայենք ուսումնասիրենք, ասենք՝ մենք Սեւ լճի էդ 30 տոսկոսի համար պատերազմ ենք սկսում. ոչ, չի լինում նման բան, մենք չենք գնալու իրավիճակի սրման: Մենք գնալու ենք իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»: Ստացվում է՝ Փաշինյանին ոչ միայն չհաջողվեց գնալ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման, այլեւ նոր ռազմական գործողություններ սկսվեցին սահմանին: Հիմա ազերիներին հաջողվել է նոր տարածքներ գրավել, եւ Նիկոլ Փաշինյանը պայքար մղելու, անգամ կամավորագրվելու կոչ է անում: Ստացվում է՝ Սեւ լճի 30 տոկոսի համար նա չէր ցանկանում պայքարել, սակայն այժմ ավելի լայն տարածքում պայքարի կոչ է անում:
Մեզ մնում է արձանագրել, որ Փաշինյանը հերթական անգամ խաբել եւ մանիպուլացրել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին՝ ասելով, թե Սեւ լճի 30%ի համար պայքարը անիմաստ է։ Իրականում մեր երկրի ամեն սանտիմետրի համար հարկավոր էր կռիվ տալ:

 

 

 

Նախկին ՀՀԿ-ական, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կինը՝ Սուսաննա Աղաբաբյանը, տուրիստական ընկերություն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աղաբաբյանին պատկանող «Էդեն տուր» ընկերությունը թեեւ մի շարք ուղղություններով է աշխատում, բայց հիմնականում սոցփաթեթների վրա է կենտրոնացած: Մեզ հետ զրույցում պատգամավոր Թորոսյանը հաստատեց կնոջ բիզնեսին առնչվող լուրն ու փոխանցեց, որ ընկերությունը, այո, նաեւ սոցփաթեթների շահառուներին է սպասարկում: «Լուրեր ունենք, թե Ձեր կնոջ ընկերությունը, շահառուների ու հյուրանոցների հետ ներքին պայմանավորվածությամբ, կոնկրետ «ատկատով» է զբաղված»,- դիմեցինք պատգամավորին: Թորոսյանն իհարկե հերքեց այդ լուրն ու երկար բացատրեց, թե ինչպես է տեղի ունենում շահառու-տուրիստական ընկերություն համագործակցությունը, բայց դե բոլորիս շրջապատում էլ մանկավարժներ կամ այլ շահառուներ կան, ու բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպես են մարդիկ կանխիկացնում սոցփաթեթների իրենց գումարները, ում ինչքան «փայ» տալով:

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռազմական դրության անհրաժեշտություն չի տեսնում, սակայն առաջնագիծ մեկնել ցանկացողներին կոչ էր անում կամավոր դիմել զինկոմիսարիատներ: «Մենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, նաեւ կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային պաշտպանությանը։ Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ եթե կան մարդիկ… հաստատ կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, եւ այդ խնդիրը կլուծվի», – ասել էր Փաշինյանը: Փաշինյանի խոսքերի եւ իրականության մեջ հերթական անգամ մեծ տարբերություն կա: «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին. «Նիկոլ Փաշինյանն ամբիոնից հայտարարում է՝ եթե չեք ուզում հանձնել հողերը, կարող եք գնալ եւ պաշտպանել: Այն մարդիկ, որոնք դիմել են մինչեւ այսօր, ինչո՞ւ նրանց չեք թույլատրում գնալ սահման»: Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է, թե զորահավաքը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում: «Գործող օրենքի համաձայն՝ զորահավաքը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում», – ասվում է ՊՆ-ի պատասխանում: Այսինքն՝ ստացվում է, որ իրականում մարդիկ չեն կարող գնալ սահման, պաշտպանել մեր երկիրը, քանի որ ռազմական դրություն, հետեւաբար նաեւ զորահավաք չկա: Նիկոլ Փաշինյանը ուղղակի պոպուլիստական հայտարարություն էր անում, թե՝ գնացե՛ք պաշտպանեք երկիրը, ո՞ւմ եք սպասում:

 

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հանրային տիրույթում սկսեց քննարկվել 1994 թվականին կնքված եռակողմ հրադադարի համաձայնագիրը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ փորձելով հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ այդ ժամանակ Ադրբեջանին հաջողվեց չստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը: «1994 թվականի մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի եւ Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է «1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը: Համաձայնագիր է ստորագրվում կրակը դադարեցնել մայիսի 17-ի ուղիղ կեսգիշերից, ինչպես նաեւ պատրաստվում է փաստաթուղթ, որով նախատեսվում էր ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջեւ բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը եւ Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն: «Ադրբեջանը անմիջապես պարզաբանում է՝ ադրբեջանական կողմը մտադիր է հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցություններ վարել միայն ԵԱՀԽ-ի շրջանակներում, իսկ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղարարների տեղաբաշխման մասին խոսք չի կարող լինել», – հիշում է Կազիմիրովը: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ստանալու նույն հարցի պատասխանը:




Լրահոս