Սեպտեմբերի 13-ից հետո, երբ Ադրբեջանն ագրեսիա կիրառեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, Հայաստանի իշխանություններն ինտենսիվ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ սկսեցին ունենալ արեւմտյան մի շարք երկրների պաշտոնյաների եւ ներկայացուցիչների հետ: Հայաստան այդպիսի այցեր եւս եղան. օրինակ Հայաստան ժամանեցին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը, Հունաստանի արտգործնախարարը։ ArmLur.am-ը ներկայացնում է այցերի եւ զրույցների վիճակագրությունը սեպտեմբերի 13-ից սկսած մինչեւ հոկտեմբերի 9-ը:
Սեպտեմբերի 13
Սեպտեմբերի 13-ին՝ հենց ռազմական ագրեսիայից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասները: Բլինքենը հեռախոսազրույցի ժամանակ անթույլատրելի է համարել իրավիճակի հետագա լարումն ու պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել իրավիճակի կայունացման ուղղությամբ։
Այդ նույն օրը Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այդ նույն օրը մյուս հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ էր. վերջինս անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը։
Սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նրա առաջին զրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ էր եւ ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասները։ Նույն օրվա ընթացքում Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, ինչպես նաև Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հետ:
Սեպտեմբերի 15
Սեպտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանը Երեւանում հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Նույն օրը ԵՄ պաշտոնյային ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ապա Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի, ինչպես նաև Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հետ։
Սեպտեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։
Սեպտեմբերի 16
Նիկոլ Փաշինյանը նորից հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, տեղի է ունեցել Փաշինյանի ու Մակրոնի երկրորդ զրույցը:
Սեպտեմբերի 17
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Սեպտեմբերի 18
Հայաստան է ժամանել Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։ Նույն օրը Փելոսին հանդիպել է Փաշինյանին, հետո այցելել ՀՀ պաշտպանության նախարարություն ու հանդիպում ունեցել Սուրեն Պապիկյանի հետ։
Սեպտեմբերի 20-25
Նյու-Յորք է մեկնել Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու, նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այցի շրջանակում վերջինս հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների արտգործնախարարների, այդ թվում՝ Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Ավստրիայի, Սերբիայի, Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ուենցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ինչպես նաև պետքարտուղար Բլինքենի ու Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Սեպտեմբերի 26
Կառավարությունը հաղորդել է, որ սեպտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հանդիպել նախագահ Մակրոնին:
Սեպտեմբերի 27
Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։
Սեպտեմբերի 28
Ֆրանսիա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և հանդիպել իր պաշտոնակից Սեբաստիան Լըքորնյուին։
Դրանից հետո այլ հանդիպումներ եւ զրույցներ եւս եղել են:
Հոկտեմբերի 6
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ:
Ն.Հ.