ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը` ժամը 11-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական առաջին հայցի լսումը: Դատավոր Արայիկ Մելքումյանը նիստերի 13-րդ դահլիճում կքննի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի եւ նրա նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանի փոխարեն վիրավորված Գուրգեն Աղաջանյանի հայցը: Հիշեցնենք, որ Աղաջանյանն իր «պատիվն ու արժանապատվությունն արատավորված» է համարում օգոստոսի 9-ին «Գալուստի որդուց պահանջում են» հոդվածի մի քանի տողերից. «7 տարի ղեկավարելով վարչությունը` իր տեղակալ «գիտնական» կաշառակեր Աշոտ Մարկոսյանի հետ միասին ուղղակի շահեցին պետական ունեցվածքի մի զգալի չափաքանակ»: Այս տողերը «Ժողովուրդ»-ը մեջբերել էր Գ.Աղաջանյանի անունից ստացված նամակից` ներկայացնելով նաեւ Կ.Կիրակոսյանի մեկնաբանությունները, ով դատարան կներկայանա որպես երրորդ անձ:




Լրահոս