ՍՊԱՆԵԼ ԵՆ ՎԻՐԱՎՈՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիայի ընթացքում դաժանաբար սպանել են հայ վիրավոր զինծառայողներին, ամենավերջին վայրագ կերպով վարվել զոհվածների մարմինների հետ, ապա նկարել եւ տարածել: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին ներկայացրեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

 

«ՀՀ ԶՈՒ-ին հաջողվում է կատարել իր առջեւ դրված խնդիրներն ու ապահովել ազգաբնակչության անվտանգությունը: Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչեւ վերջ մեր զինվորները կանգնել են եւ զոհվել: Այսինքն՝ այն մարտական դիրքերը, որտեղ ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել, մենք ունեցել ենք միայն զոհեր եւ ծանր վիրավորներ: Ադրբեջանի՝ «մարդասիրական լոզունգով առաջնորդվող» ԶՈՒ-ն դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով են վարվել զոհվածների մարմինների հետ, առավել եւս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ եւ բուժաշխատողներ»,-ասաց ԳՇ պետի տեղակալը՝ հավելելով, որ հենց նրանք են նկարել եւ տարածել սոցցանցերում:

Մարտիկյանը հավելեց՝ հայկական կողմի համար պարզ է, թե ում հետ գործ ունի ռազմական տեսանկյունից:

«Եվ ես պետք է հավաստիացնեմ, որ Զինված ուժերն ամեն ինչ անելու են, որ կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը եւ ապահովեն մեր ազգաբնակչության ազատ, անկախ եւ անվտանգ կյանքը»,-ասաց Մարտիկյանը:

Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հայտնեց, որ իրավիճակը շփման ողջ երկայնքով այսօրվա ընթացքում եղել է համեմատաբար հանգիստ, բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների: Վերջին խոշոր կրակի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Ջերմուկի շրջանում, որտեղ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ եւ ԱԹՍ-ներ, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ:

Ադրբեջանական հերթական ագրեսիան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո արդեն երրորդ լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում Հայաստանի բնակեցված շրջանների դեմ: Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանը սկսել է երեք ուղղություններով բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ: Մարտական գործողությունները միանգամից սկսվել է ցամաքային զորքերի հարձակողական գործողություններով, որոնք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով եւ անօդաչուների կրակային աջակցությամբ:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարությունից, մնացած փաստաթղթերից հետո սա արդեն 3-րդ նման լայնամասշտաբ գործողությունն էր՝ ուղղված հիմնականում մեր բնակավայրերի դեմ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդում է, թե, իբր, իրենց վերջին գործողությամբ իրենք ստիպված  նախահարձակ են եղել, որպեսզի կասեցնեն ՀՀ ԶՈՒ-ի ինչ-որ երեւակայական գործողություններ: Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ՝ ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ հայկական ԶՈՒ-ի կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել եւ չի էլ կարող լինել, քանի որ դա հակասում էր մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»,-հայտարարեց ԳՇ պետի տեղակալը:

Նա ընդգծեց, որ փոխարենը ադրբեջանական կողմից ռազմաքաղաքական  ղեկավարները բազմիցս նշում են, թե Հայաստանն ամբողջությամբ իրենց պատմական տարածքն է, իսկ այս տարածաշրջանը միշտ ընդգծված կերպով նշվում է որպես «Բասարգեչար»:

«Գործողությունները երեք ուղղություններով հիմնականում ուղղված էին խիստ բնակեցված շրջանների դեմ մի պարզ նպատակով. դեռեւս 2021-ի մայիսի 12-ից սկսած ուղղվածությունը հենց բնակավայրերի կողքին է՝ նպատակ ունենալով ստիպել սահմանամերձ շրջանների ազգաբնակչությանը լքել իրենց զբաղեցրած տարածքները: Այսօր արդեն բավականին բարդ է գյուղացիների համար մշակել իրենց հողերը կամ զբաղվել անասնապահությամբ սահմանամերձ շրջաններում»,-ասաց Մարտիկյանը:

 

 

 

 

ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ՝ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԴԵՊՔՈՎ

Սեպտեմբերի 24-ին Մալաթիայում աղմկահարույց կրակոցների հետեւանքով երեկ երկրորդ անձն է ձերբակալվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը պահեստապետի դստերը սիրող երիտասարդն է` Արթուրը, որն այդ օրը գնացել էր Մալաթիա՝ խոսելու սիրած աղջկա հոր հետ, ինչի հետեւանքով կրակոցներ հնչեցին, եւ երկու մարդ սպանվեց:

 

ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ համակարգում Մալաթիայի կրակոցներից հետո խիստ խորհրդակցություն է եղել, որով իրավապահները նշել են, թե երկրում առկա այս պայմաններում նմանօրինակ կրակոցներ արձակած անձինք թուրքից վատն են. եթե երկրում առկա լարված վիճակը նրանց չի անհանգստացնում, ապա նրանց այլ բառով բնորոշել հնարավոր չէ:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին Մալաթիայում աղմկահարույց կրակոցների հետեւանքով սպանվեց երկու անձ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վիճաբանությունը եղել է աղջկա համար: Իսկ կոնկրետ ի՞նչ աղջկա մասին է խոսքը: Բանն այն է, որ մի երիտասարդ սիրել է ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստապետի դստերը եւ այդ օրը իր ընկերների հետ գնացել եւ փորձել է խոսել իր սիրելի աղջկա հոր հետ: Խոսակցությունն այդքան էլ լավ ընթացք չի ստացել, եւ տղայի ընկերներից մեկը սկսել է կրակել, որի հետեւանքով երկու անձ սպանվեց: Մեզ հայտնի դարձավ, որ կրակողը ջավախահայ է եւ այժմ կալանավորված է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վանցյան փողոցում՝ ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում, կրակոցներ են հնչել: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որի կյանքը փրկել չի հաջողվել: Ասել է թե՝ մեկ գիշերվա մեջ երկու անձ սպանվեց:

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանության եւ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ինքնասպանության դեպք է եղել Կոտայքի մարզի Արզնի գյուղում:

Սեպտեմբերի 26-ին Արզնի գյուղի բնակիչը այգում ծառից պարանով կախված վիճակում հայտնաբերել է հորը՝ Ս.Բ-ին: Ըստ հարազատների՝ այս քայլի պատճառը եղել է այն, որ հայրն ունեցել է մի շարք հիվանդություններ:

 

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում որոշում կկայացնի վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Քննչական կոմիտեի կողմից կրկնակի դատաավտոտեխնիկական-դատատեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը ստացվել է, եւ շուտով նախաքննությունը կավարտվի, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ կուղարկվեն դատարան:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի է ենթարկվել Սոնա Մնացականյանը: Վերջինիս ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել։

Ավելին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մահվան ելքով վթարի ենթարկելու դեպքն այնքան է անհանգստացրել միջազգային կառույցներին, որ նրանք կտրուկ քայլերի են գնացել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի բազմաթիվ պատգամավորներ վթարի արդյունքում մահացած Սոնա Մնացականյանի դեպքով դիմել են ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին: Ըստ ամենայնի, նրանք կոնկրետ հարցեր են ուղղել ՀՀ Ազգային ժողովին, թե ինչպես է ստացվել, որ գործով մեղադրյալը կալանքի տակ չէ:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը ու հեռացնել դեպքի վայրից: Քննչական կոմիտեն, սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու հոդվածով՝ ոչ:

Հետագայում գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածի 1-ին մասով, եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է, սակայն նա ազատության մեջ է:

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս