1919-1920 ԹԹ.-Ի ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1919-1920 թվականների Ադրբեջանի քարտեզներից մեկով այդ տարածքի մաս են կազմել նաեւ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի մարզը մասնակի եւ անգամ Երեւանից մի հատված: Այդ մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագիր Շահեն Շահինյանը:

 

Ինչպես հայտնի է, երեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը հրապարակել է, թե Ադրբեջանը Հայաստանից ինչ 5 հիմնական պահանջ ունի: Դրանք հետեւյալն են՝

  1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,
  2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում, առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի, այսինքն՝ 0 կարգավիճակով,
  3. միջանցք՝ Հայաստանի տարածքով,
  4. սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ քարտեզների մասին է խոսքը),
  5. անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում (հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով):

-Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվեց 5 կետ, որից մեկը ներառում էր 1919-ից 1920թթ.-ի քարտեզը: Այդ քարտեզի մասին ի՞նչ կարող եք ասել: Այդ ժամանակ Հայաստանը ի՞նչ սահմաններ է ունեցել:

-Երբ խոսում ենք 1919-20 թթ.-ի քարտեզների մասին, առաջինը այն է, որ չպետք է   դատողություններ անենք, քանի դեռ այդ քարտեզները հրապարակված չեն: Պետք չի ենթադրություններ անել, թե որ սահմանի մասին է խոսքը: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի նկրտումները՝ շատ մեծ հավանականությամբ խոսքը գնում է Արեւելյանի Դեմոկրատական Հանրապետության՝ այսպես կոչված 1-ին հանրապետության ժամանակ ստեծված քարտեզի մասին, որը ստեղծվել է հենց այդ նույն հանրապետության շրջանակներում, սակայն չի եղել ճանաչված ոչ մի միջազգային կառույցի կողմից եւ չունի ոչ մի իրավական հիմք: Այդ քարտեզը չի ընդհունվել 1-ին հանրապետության կողմից եւ անգամ չի էլ քննարկվել: Այդ քարտեզը միջազգային տեսակետից ոչ մի իրավական հիմք չունի բնականաբար, սակայն Ադրբեջանը, հանդես գալով ուժի դիրքերում, ցանկանում է պարտադրել եւ նմանատիպ մի քարտեզով լուծման գնալ:

-Տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե  այդ թվականի քարտեզներից բացակայում են Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի մի հատվածը:  Ձեր մատնանշած քարտեզում այդպե՞ս է իրավիճակը:

-Պետք է նշեմ, որ այդ քարտեզը դեռ հրապարակված չի, սակայն ադրբեջանական կայքերում տարածված են քարտեզներ, որտեղ Հայաստանի որոշակի մարզեր՝ ամբողջությամբ, որոշ մարզեր մասնակի պատկանում են Ադրբեջանի Հանրապետությանը: Ըստ այդ քարտեզների՝ Հայաստանը պետք է լիներ 11-ից 12- հազար քմ., շրջափակված  լիներ ադրբեջանական տարածքներով, եւ, իհարկե, հետագայում ցանկանում է կլանել նաեւ այդ տարածքները: Այդ քարտեզի բուն էությունը Հայաստանի ոչնչացումն է: Եթե նույն սկզբունքով ընդունենք, ապա եթե Ադրբեջանը բանակցություններին ներկայացնի այդ քարտեզը, ապա մենք կարող ենք ներկայացնել արեւմտահայերի 2-րդ կոնգրեսի քարտեզը կամ, ասենք, մ.թ.ա. եղած Հայաստան պետության քարտեզը: Այդ քարտեզները, որոնք մենք ներկայացնում ենք, որոնք գոյություն ունեցող պետությունների կողմից ընդունված չեն եւ հիմք չեն հանդիսացել ոչ մի պետության կողմից, ապա այդ քարտեզները ոչ մի իրավական ուժ չունեն:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏԻՑ

Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը երեկ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Նա չի լինելու այլեւս «Հայաստան» խմբակցության անդամ: Իհարկե, որոշումը սպասելի էր, բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

 

Չնայած Մխիթար Զաքարյանի անցած պայքարի կարճ ճանապարհին, անցած լուրջ դժվարություններին՝ պետք է նկատել, որ նրա քաղաքական գործունեությունը խիստ անհասկանալի էր: Մեծ շուքով Սյունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարներով ներգրավվեցին քաղաքական գործընթացում, բանտարկվեցին այդ հանդգնության համար, պատգամավորական մանդատ ստացան…, բայց Զաքարյանը բանտից դուրս գալուց հետո երկու անգամ ներողություն խնդրեց Նիկոլ Փաշինյանից նրան վիրավորելու համար: 2 անգամ հանդիպեց Ալեն Սիմոնյանին եւ հիմա էլ դուրս եկավ խորհրդարանից: Այն, որ Զաքարյանը գրել է, թե շարունակելու է իր գործունեությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունում, իհարկե, չափազանցություն է, քանի որ, ArmLur.am-ի տեղեկություններով, երկար ժամանակ է՝ նա ընդհանրապես կուսակցության հետ չի շփվում, կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ առաջվա ջերմությունը չկա: Զաքարյանն իրականում այդ նախադասությունը գրել է, որպեսզի հնարավոր հարվածներից հեռու մնա: Հասկանալի է, որ երկու ներողություններից հետո Զաքարյանը որոշել է հարաբերությունները կարգավորել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ եւ հանգիստ ապրել, ինչպես արեց Քաջարանի նախկին քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը ծաղիկներ նվիրելով եւ կրկին համայնքի ղեկավար վերընտրվելով: Հավելենք, որ առաջիկայում չի բացառվում՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն էլ նույն ճանապարհով գնա եւ հեռանա «վերածնվողներից»՝ ապագան այլկերպ կառուցելով:

Հ. Գ. Երկար ժամանակ է՝ ArmLur.am-ը փորձում է այս առիթով մեկնաբանություններ ստանալ Մխիթար Զաքարյանից, սակայն նա կտրականապես հրաժարվում է հեռախոսազանգերին, հաղորդագրություններին պատասխանել:

 

 

 

 

ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Վերջինիս հարցաքննության են հրավիրել քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով: Անձամբ Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել տեղեկությունը, սակայն նա չցանկացավ մանրամասներ ներկակացնել՝ միայն հաստատելով, որ հրավիրվել է հարցաքննության: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ՝ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել: Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել էին Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այդ արարքի համար ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Քուրդ ազատամարտիկներն ազատ էին արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ 7 ամիս, որից հետո անհասկանալի հանգամանքներում հայտնվել են Թուրքիայում: Այդ մասին ահազանգել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

 

 

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հայտնի են եվրոպական նապաստակի որսի ժամկետները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է եվրոպական նապաստակի որսի ժամկետները սահմանել այս տարվա նոյեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 18-ը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ համապատասխան կենսամիջավայրում իրականացված հաշվառումների ընթացքում գրանցվել է եվրոպական նապաստակի՝ տարբեր գոտիներում թվաքանակի խիստ անհավասար բաշխվածություն։ Բացի այս, պարզվում է, որ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում հնարավոր է որսալ վայրի խոզի եւս 15 առանձնյակ:

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 3-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է Տավուշի սահմանային համայնքներում: «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, եւ ոչ մի խուճապային տրամադրություն չկա»,-նշեց մեր զրուցակիցը:

 

 




Լրահոս