ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն «վռազն» աճապարել է. օմբուդսմենից մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարին ակնդետ նայող ու որոշումներ կայացնող արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը, որ կարիերայի ճանապարհը դեռ «նախկինների» օրոք օմբուդսմենի պաշտոնը ստանձնելով էր սկսել, այժմ էլ սահուն քայլերով Բարձրագույն դատական խորհուրդ է հասել:

ԱԺ-ում տեղի ունեցած ընտրությունից անգամ մեկ օր՝ 24 ժամ չանցած, պարոն «վռազը» աճապարել է գաղտնի կերպով իր ընտրությունը կազմակերպել ու դատավորաց նախագահ կարգվել: Դատարանների կլանայինության մասին բարձագոչող Անդրեասյանն իր սուրբ պարտքն է համարում նաև լրագրողների հասցեին ռեպլիկներ անել:

Նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրանց նախ ահաբեկիչների հետ համեմատեց, ապա ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ ԱԺ-ում խոսեց «լրատվադաշտը կեղծ լուրերից մաքրելու» վճռականության մասին: Ինչ խոսք, նրա գործն էլ գործ չէ. քիչ չէ՝ դատավորներին է փորձում բարեվարքության ենթարկել, դեռ մի բան էլ ձեռքի հետ, ոտքի վրա լրագրողներին է փորձում կարգի հրավիրել: Բայց եթե մեր՝ լրագրողներիս դեպքում, նրա ասածները, բարեբախտաբար են օդում մնում, ապա դատավորների դեպքում՝ ցավոք սրտի, ու վեթինգի մասին անվե՜րջ-անվե՜րջ խոսող իշխանությունները դեռ շարունակում են կենացներ ասել սոսկ:

Ազգային ժողովի ընտրությամբ մեկ այլ իշխանական էլ ԿԸՀ-ում պաշտոն կստանա: Տարիներ ի վեր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին անվանարկած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որն ի դեպ, ուղիղ 4 տարի հեշտ-հանգիստ աշխտում էր Մուկուչյանի հետ, այժմ ԿԸՀ-ում սեփական «նկարիչը» կունանա: Բնորոշումը, քավ լիցի, ոչ թե մենք, այլ հենց Փաշինյանն է դեռ տարիներ առաջ տվել: Բայց, հուսանք, որ «Ժողովուրդ» օրաթերթում փոխխմբագիր աշխատած Հովակիմյանը խմբագրական հմտությունները նկարչականով երբևէ չի փոխարինի:

Վերոնշյալ երկու անձինք էլ մինչև քաղաքական պաշտոններին հրաժեշտ տալը կուսակցական էին, իհարկե, իշխող թիմի անդամ: Ի տարբերություն Վահագն Հովակիմյանի, որ Նիկոլ Փաշինյանի հետ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրներից է, Կարեն Անդրեասյանը կուսակցական կրծքանշան կրելու պատվին նախարար դառնալուց հետո էր արժանացել՝ իր իսկ խնդրանքով ու դիմումի համաձայն: Նախկին իշխանություններին կուսակցականապետության և լոյալ պաշտոններում լատենտ կուսակցականներ նշանակելու մեջ մեղադրող «հեղափոխականները» այժմ ճիշտևճիշտ նույն կերպ են վարվում՝ իհարկե, ավելի վատ ու փնթի կատարմամբ:

Սևակ Վարդումյան 




Լրահոս