ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՉԻ ԼԻՆԻ
Սահմանադրական դատարանի կայքէջում տեղադրված ՍԴ նիստերի ժամանակացույցով մինչեւ այս տարվա վերջ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած դիմումի քննության օրը նախատեսված չէ: Ըստ ՍԴ նիստերի ժամանակացույցի` դատարանը նիստեր կհրավիրի նոյեմբերի 8-ին, 22-ին եւ 29-ին, այնուհետեւ դեկտեմբերի 19-ին: Այդ դատական նիստերից երեքը գումարվելու են անհատական, իսկ մեկը` վարչական վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա:
29 ՀԱՅՑ` ԸՆԴԴԵՄ ՄԱՄՈՒԼԻ
Զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումից հետո լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 29 դատական հայց, որոնցից 11-ը` 2011-ի երրորդ եռամսյակում, ըստ որում, որպես կանոն, մի քանի միլիոն դրամի հասնող փոխհատուցման պահանջով: Այդ մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` նշելով. «Եթե հաշվի առնենք, որ հայցերի հեղինակները նաեւ քաղաքական գործիչներ են, ովքեր հետամուտ են, որ լրատվամիջոցները պատժվեն, մենք դա դիտում ենք որպես քաղաքական ճնշում»:
ՄԱՐՔՍԻՍՏՆ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ
Հայաստանի մարքսիստական կուսակցությունը 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ` առանց որեւէ կուսակցության հետ դաշինք ստեղծելու: Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցությունը չի սատարի նախագահի ոչ մի թեկնածուի, այլ կմասնակցի իր թեկնածուով, որը, չի բացառվում, որ լինի կուսակցության ղեկավարը: Հայաստանի գլխավոր մարքսիստը համարում է, որ ինքը գաղափարական տեսակետից մրցակից չունի, իսկ ֆինանսական կապիտալի հարցը կլուծվի ժամանակի ընթացքում: Իր մասնակցությունը նախագահական ընտրություններին Դավիթ Հակոբյանը համարում է պատմական անհրաժեշտություն:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԸՆՏԱՆԻՔ
«Կհիշեցնեմ սպայակույտին, որ իրենք սնվում են մեր վճարած հարկերից, ու իրենք պատասխանատու են թե՛ զինվորի ընտանիքի, թե՛ բոլորիս առաջ։ Պետք չէ պաշտպանել հիվանդին բժշկից, պետք է ընդամենը բուժել հիվանդին»,-անդրադառնալով բանակում առկա իրավիճակին` ասել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նա նշել է, որ մեր քաղաքակրթության հիմքում ընտանիքն է, բայց նաեւ պետությունն էլ է ընտանիք: