Երեկ «Բանակն իրականում» նախաձեռնությունը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Ինչպես «Ժողովուրդ»-ին փոխանցեցին նախաձեռնությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները, Տոնոյանին հյուրընկալված «Բանակն իրականում» նախաձեռնությունը ՊՆ-ում անակնկալի է եկել: Հանդիպմանը մասնակցել են նաեւ հաջողված հեղափոխությունների ֆինանսավորող «Սորոս» հիմնադրամի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները, որոնցից «գրանտներ» են ստանում հասարակական կազմակերպությունները: Այսինքն` ՊՆ-ն հանդիպման է հրավիրել Վանաձորի հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Արթուր Սաքունցին, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանին, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանին եւ այլոց, ինչպես նաեւ ՀԿ-ների ֆինանսավորողներին, որպեսզի այդ ճանապարհով ճնշի, կաշկանդի ՀԿ-ների ղեկավարներին:
Արթուր Սաքունցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը` ասելով, որ իսկապես իրենց զրույցին ներկա են եղել «Սորոս» ընկերությունից Դավիթ Ամիրյանն ու ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների բաժնի համակարգողը եւ ռազմաքաղաքական բարեփոխումների համակարգողը: Սակայն իրենք նախապես իմացել են այդ մասին: Հարցին, թե իսկապես կաշկանդված մթնոլորտում է տեղի ունեցել զրույցը, Սաքունցը պատասխանեց` ո՛չ. «Ոչ մի կաշկանդվածություն: Հանդիպումը շատ լավ է անցել»: Մեր զրուցակիցն ավելացրեց, որ իրենք երեք հարց են ունեցել, որոնք քննարկել են եւ հույս ունեն` արձագանք կստանան: «Բանակն իրականում» նախաձեռնությունը ՊՆ տեղակալ Վլադիմիր Գասպարյանի` վերջին օրերին կատարած հայտարարություններին եւս անդրադարձել է: Ինչպես տեղեկացրել է Լեւոն Բարսեղյանը, Տոնոյանն ասել է` առաջիկա օրերին նախարարի վերադառնալուց հետո քննարկելու են այդ հարցը, եւ այդ մասին կլինի հաղորդագրություն:
«ՍՈՐՈՍ»-Ը ՊՆ-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ