ԲԴԽ դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանը կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանն առաջիկայում կնշանակվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Խորհրդի նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը Մակյանին առաջադրել է որպես կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր։

«Քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Մեսրոպ Մակյանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»,- նշված է որոշման մեջ։

Մեսրոպ Մակյանը դատավորի պաշտոնում է 2006 թվականից՝ կարիերան սկսելով որպես Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր: 2019 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ 5 տարի ժամկետով:




Լրահոս