Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, որ առաջիկայում Եվրոպայի տարբեր երկրների խորհրդարաններում ընդունվելու են հակաադրբեջանական բանաձևեր։
Նա, մասնավորապես, նշել է, որ մեկ տարուց ավելին է՝ Ֆրանսիան փորձում է արտասահմանցի դիտորդների ներգրավել և համակողմանի ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա։
«Պրահայի վերջին հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան, ոչ թե մեր տարածք։ Դա խոսում է այն մասին, որ նախագահ Իլհամ Ալիևը վճռականորեն պաշտպանում է միջազգային հարթակում մեր ռազմական հաղթանակը։ Ինչո՞ւ են եվրոպացի դիտորդները գալիս տարածաշրջան, քանի որ Ղարաբաղյան պատերազմի հանկարծակի մեկնարկը հարվածել է Արևմուտքի, հատկապես՝ Ֆրանսիայի տնտեսական ու քաղաքական ազդեցությանը տարածաշրջանում։ Եվ այն ուժերը, որոնք նոյեմբերի 10-ին չկարողացան Ղարաբաղ բանակ ուղարկել, հիմա այլ պատրվակով ցանկանում են հաստատվել սահմանին»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ Բաքուն որևէ կերպ շահագրգռված չէ սահմանին կայունության հաստատմամբ և սադրանքների իրականացման հեղինակն է։
Օրուջը նաև հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանի դեմ բանաձևեր են ընդունվելու եվրոպական երկրներում»:
«Առաջիկայում Ֆրանսիայի ու այլ երկրների խորհրդարաններում հնարավոր է բանաձևերի ու որոշումների ընդունում Ադրբեջանի դեմ, որի պատճառը մեր երկրի վճռական դիմադրությունն է տարածաշրջանում արևմտյան ռազմական զորակազմի տեղակայման հետ»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը: