«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքերով հարուցված քրեական վարույթներով քննությունները վերսկսվել են: Իսկ ի՞նչն է պատճառը, որ նախաքննական մարմինը որոշել է նորից քննել տարիներ առաջ տեղի ունեցած ինքնասպանությունների գործերը: Ինչպես հայտնի է, նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է: ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։
Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու գցում տարիներով իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 12-ին ինքնասպան եղավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, ինչի փաստի առթիվ հարուցվեց քրեական վարույթ: Մեկ տարի անց՝ 2021 թվականին, Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվեց: 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանը, ինչի առթիվ կրկին հարուցվեց քրեական գործ եւ դեպքից երկու տարի անց կասեցվեց: Հիմա պետք է որոշեն՝ կա՛մ կա մեղադրյալ այս գործերով, կա՛մ ոչ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։