«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի առեւտրի խոշոր կենտրոնները խոշորացույցի տակ են։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումների շարք է սկսել երեւանյան տոնավաճառներում: Մեզ հայտնի դարձավ, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեսչական մարմինը նորից ստուգումներ է իրականացրել:
Այժմ ստուգման արդյունքներն ամփոփման փուլում են, առաջիկա օրերին հայտնի կլինի՝ «Սուրմալու»-ն փակվելու է, թե շարունակելու է աշխատել: Չի բացառվում, որ դադարեցվի առեւտրի կենտրոնի գործունեությունը:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումներ իրականացվել են նաեւ Մալաթիայի տոնավաճառում: Տեսչական մարմնից փոխանցեցին, որ բոլոր այն օբյեկտները, որոնք 2021 թվականին ստուգվել են, կարգադրագրի ժամկետները լրացել են, տեսչական մարմինը նորից ստուգում է իրականացնում: Շուտով կստուգվեն նաեւ մյուս առեւտրի կետերը, այդ թվում՝ «Գնունի» շուկան: Նշենք, որ ավարտվել են «Փեթակ» առեւտրի կենտրոնում իրականացված ստուգումները, ինչի արդյունքում գործունեության դադարեցման որոշում է կայացվել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։