ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկին հիշեց նախկիններին:

 

«Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը եւ հեռացել է»,-ասում է Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ գնալու է խաղաղության օրակարգի ճանապարհով:

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, թե հերթական անգամ այդպիսի հայտարարություններ են արվում պատասխանատվությունն իր վրայից գցելու համար: ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գնում է երկրորդ կապիտուլյացիայի:

-Պարո՛ն Զաքարյան, Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կրկին  հիշեց նախկիններին՝ ասելով, որ Սերժ Սարգսյանն է սեղանին թողել կապիտուլյացիայի փաստաթուղթ, խոսելով մադրիդյան սկզբունքների մասին: Ինչպե՞ս կարձագանքեք այս ամենին։

-Արձագանքները արդեն բավականին  շատ են եղել, պարզապես կցանկանամ ուշադրություն գրավել, թե ինչպես է կապիտուլյանտը փորձում սվաղել  իր բոլոր ձախողումները։ Այս իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, բոլորովին ոչ մեկին իրավունք չի տալիս կեղծիքի միջոցով կործանել արդեն Հայաստանի պետականությունը։ Ինչպիսի հայտարարություններ էլ որ եղել են Ազգային ժողովի ամբիոնից կապիտուլյանտի կողմից, ամբողջությամբ կեղծիք են։ Այդ խոսքերի կեղծիքի մասին վկայում են Մինսկի խմբի հայտարարություններում. դա հայտնի բանակցային ձեւաչափեր են միջազգային հարաբերություններում, դրան լուրջ վերաբերվելը համարում եմ ամենամեծ անլրջությունը։ Նիկոլը շատ լավ հասկանում է, որ գնում է 2-րդ կապիտուլյացիային, որը շատ ավելի ծանր հետեւանքներ է ունենալու, քան 2020 թվականի նոյոմբերի 9-ի հայտարարություն ստորագրելն էր։ Այս անգամ խնդիրը ավելի մեծ է, եւ այս ստորագրությունը մենակ իր ուսերին չի լինելու. այդտեղ պետք է Սահմանադրական դատարանի համաձայնությունը լինի, եւ այդ իսկ պատճառով նա դիմեց անգամ ժողովրդին, որ օգնեն իրեն այդ հարցում։ Նա ասում է՝ հարգելի՛ մեծամասնություն, եկե՛ք բոլորս միասին  անենք   հաջորդ դավաճանությունը՝ մեր երեխաների, մեր պետության, մեր ապագայի եւ Արցախի դեմ ուղղված։

-Պարո՛ն Զաքարյան, Դուք նշեցիք, որ Արցախի դեմ է ուղղված, բայց վերջերս անընդհատ նշվում է, որ պետք է  Արցախը իր ներկայացուցիչների հետ բանակցի Ադրբեջանի հետ. մեր անվտանգության հայեցակարգում նշված է, որ Հայաստանն է հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը։ Այս գործընթացով  փորձ է արվում Արցախից վերջնականապես հրաժարվե՞լ։

-Այո,  Արցախից իրենք արդեն վաղուց հրաժարվել են, հիմա պարզապես ցանկանում են դա ամրագրել։ Այդ ամենը նշանակում է, որ մենք վտանգի տակ ենք դնում մեր հայրենակիցների անվտանգության հարցը։ Դա նաեւ նշանակում է, որ մենք ամբողջությամբ Ադրբեջանին ենք թողնելու Արցախի ճակատագիրը։ Ադրբեջանը անելու է հայաթափում, բնականաբար, եւ այդ ամենով չեն սահմանափակվելու. առաջինը մեծ վտանգի տակ են դնելու Հայաստանի սահմանները եւ Հայաստանի Հանրապետության բնակչին, որոնք հայտնվելու են անմիջապես թշնամու սպառնալիքի տակ։ Կեղծավորությամբ այդ պայմանագրի անունը դնում  են խաղաղության պայմանագիր,  եւ մարդիկ միամտաբար նստած մտածում են, թե, վերջ, արդեն գնում են խաղաղության ճանապարհով։ Խաղաղություն չի լինի այնպես, ինչպես խաղաղություն չեղավ 2021 թվականին: Ընտրություններում նա ասաց, որ խաղաղության օրակարգ են առաջ քաշում, սակայն դրանից հետո մենք կորցրեցին տարածքներ, մեծ թվով զինծառայողներ, ավելացավ մեր գերիների թիվը,  եւ մեր զինված ուժերը կորցրեց մարտական հենակետեր։

-Պարո՛ն Զաքարյան, ի՞նչ է լինելու այն 5 կետերից հետո, որ հրապարակվեց վերջերս: Այդ 5 կետերը Հայաստանի կապիտուլյացիա՞ն են ենթադրում։

-Միանշանակ  կապիտուլյացիա է ենթադրում։ Պատմության մեջ մինչեւ այսօր եղած ամենասարսափելի կապիտուլյացիան է ենթադրում, որը Հայաստանի հաջորդ իշխանություններին անգամ հնարավորություն չի տալու ոտքի կանգնել եւ շտկել այդ ամենը։ Հայաստանի քաղաքացին Հայաստանում ապրելու ոչ մի հեռանկարներ այլեւս չի տեսնելու,  եւ մենք ունենալու ենք նսեմացված, պետականությունը կորցրած մի տարածք, որտեղ ներդրվելու է թուրք-ադրբեջանական կապիտալը։ Ցավոք սրտի, նրանք միջանցքի թեման անգամ չեն ուզում հանել շրջանառությունից եւ անգամ այդ միջանցքի վերահսկողությունը պատկերացնում են իրենց կողմից։ Նիկոլն ինքն իր կամքով այս պահին հայտնվել է այդ փաստաթուղթը ստորագրելու ճանապարհին, պարզապես այս անգամ  տարբերությունը միայն այն է, որ չի ցանկանում դավաճանը մենակ ինքը լինել, եւ ցանկանում է, որ հայ ժողովուրդը միանա այս դավաճանական քայլին, ինչը նշանակում է հայի համար ինքնասպանություն։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որի մի կետում ասվում է.

 

«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Իսկ ի՞նչ է ենթադրում հռչակագրի այս կետը:

Չնայած Ադրբեջանի պնդումներին՝ ԱՊՀ պետություններն իրականում ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով չեն ընդունել խորհրդային սահմանների շարունակականությունը։ ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը եւ Ալմա-Աթայի հռչակագիրը խոսում են տարածքային ամբողջականության եւ տարածքների անքակտելիության մասին, որոնք բոլորովին այլ երեւույթ են։

Համաձայնագրի 5-րդ հոդվածում, մասնավորապես, ամրագրված է հետեւյալը. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը»: Մեջբերումից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը: Սակայն այստեղ ուշագրավ է,  որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաեւ «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով եւ թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից եւ իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված եւ մինչեւ 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում Արցախը երբեք չի եղել:

Նկատենք՝ հենց Ադրբեջանի տարածքային  ամբողջականությունը ճանաչելու մեջ էր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրում նախկին իշխանություններին:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, երեկ գիշեր կալանքից ազատված քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին կրթության իրավունքից զրկելը անթուլատրելի է։ Իհարկե, մայիսի 8-ին Գյումրու մերձակայքում արձանագրված տարեցների ծեծկրտուքը խիստ դատապարտելի է, բայց երբ այդ քրգործը դառնում է քաղաքական մահակ, եւս անկարելի է: Գիտեմ, որ տարեցների գերակշիռ մասը երիտասարդների դեմ բողոք չեն ներկայացրել, ինչը հանրային համերաշխության կարող էր բերել, որը պետք է խրախուսել, այլ ոչ թե շարունակել թշնամանք սերմանել: Բայց մայր բուհի պահվածքը այս իրավիճակում խիստ տարակուսելի է: Երբ Արեւելագիտության ֆակուլտետի դասախոսները պատրաստակամություն են հայտնել անգամ կալանավայր գնալ եւ այնտեղ քննություններ ընդունել Տարոն Մանուկյանից, մերժում են ստացել, մեկ բանի մասին է վկայում. հրահանգ կա քաղաքական այլախոհին զրկել կրթության իրավունքից: Կարծում եմ՝ ԵՊՀ-ն պետք է վերանայի իր որոշումը եւ հնարավորություն տա ուսանողին շարունակել կրթությունը: Ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին խրախուսում էր քաղաքական հայացքների արտահայտումը նաեւ կրթական հաստատություններում, ու ինքն էլ գնում էր հենց այդ ճանապարհով, այսօր ոչ միայն մերժում է, այլեւ պատժում իր քաղաքական հայացքները չկիսողներին: ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մաս. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»: Ու սա քննարկման ենթակա չէ»:

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«Ինտենսիվ կրակոցներ չեն եղել, կրակոցներ են եղել, բայց զոհեր, վիրավորներ չկան»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության քարտուղար Արամ Թորոսյանը: Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել էր. «Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգեցին, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ, որոշակի դադարներով հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: Փաստորեն, որեւէ հայտարարություն կամ հանդիպում Ադրբեջանի պլանները չեն փոխում. նրանք խաղաղության պատրաստ չեն:Ուզում եմ հիշեցնել, որ Կուտականի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։ Իսկ այս պահին ընթանացող փոխհրաձգության, զոհերի, վիրավորների մասին դեռ պաշտոնական տեղեկություն առկա չէ»։ Հավելենք, որ ArmLur.am-ը զրուցել էր նաեւ  Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանի հետ, որը նույնպես հաստատել էր, որ գյուղում կրակոցներ եղել են, տեւել է  մոտ մեկ ժամ:

 




Լրահոս