ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  արդեն տեղեկացրել էինք, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը, երեկ հանդիպելով  ատոմակայանի աշխատակիցներին, տեղեկացրել էր, որ  աշխատավարձերը չի կարող բարձրացնել`  պատճառաբանելով, թե ատոմակայանի համար նախատեսված բյուջեում  գումար չկա:

Հարց. Եթե ՀԱԷԿ-ի աշխատակիցները բոյկոտեն,  ի՞նչ կլինի,   եւ  այս հարցին ի՞նչ լուծում պետք է տրվի:

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀԱԷԿ-ը` որպես ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ, պետք է, այնուամենայնիվ, շարունակի գործել: Շատ վատ կինի, եթե խաթարվի նրա բնականոն գործունեությունը: Որպես խնդրի լուծում` կարծում եմ` պետք է շարունակի իր բնականոն գործունեությունը:  

ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ,  ԱԺ ՀՀԿ
խմբակցության անդամ  

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս ամենից  կարելի է եզրակացնել, որ ատոմակայանի ղեկավարությունը, ինչպես նաեւ էներգետիկայի նախարարությունն ունեն իրենց այլընտրանքային տարբերակը`  ատոմակայանի արտադրած էներգիայի փոխարեն իրենք նախընտրում են օգտագործել ջերմաէլեկտրակայաններից ստացված էներգիան, որից կստանան ավելի մեծ շահույթ: Որպես հարցի լուծում` տեսնում եմ աշխատակիցների  պահանջների կատարում, քանի որ նրանց կատարած աշխատանքը շատ կարեւոր է եւ արժանի է ավելի բարձր վարձատրության: Կառավարությանը չեն հետաքրքրում այդ մարդկանց ճակատագրերը, իրենց հետաքրքրում է, որ  հերթական նվերը մատուցեն  Ռուսաստանին:

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀԱԿ անդամ,
տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս դեպքը առաջինը չէ: Տարիներ առաջ նույն ատոմակայանում կառավարությունը հրաժարվում էր վճարել աշխատողերի աշխատավարձը: Խոսքը մեծ չափի գումարի մասին է, «Ժառանգություն»-ը հասավ նրան, որ կառավարությունը նախ ճանաչեց այդ պարտքը, եւ սահմանվեց ժամանակ, որի ընթացքում վերադարձրեց նրանց աշխատավարձը: Ատոմակայանի բարձր որակավորում ունեցող աշխատակիցների  նկատմամբ  քամահրական վերաբերմունքը նորություն չէ: Այս անգամ էլ աշխատավարձերի խնդրով «Ժառանգություն»-ը հարցը բարձրացնելու է  Ազգային Ժողովում, հարցի լուծման կապակցությամբ դիմելու է կառավարությանը, քանի որ եթե  նրանք ազատվեն աշխատանքից, ապա կհեռանան  երկրից: Կառավարությունն իրավունք չունի նրանց չպահել Հայաստանում: Եւ որպես  խնդրի լուծում` «Ժառանգություն»-ը  հրապարակայնորեն փորձելու է  հասնել նրան, որպեսզի առնվազն նրանց ցանկությունը բավարարվի, եւ նրանք չհեռանան իրենց աշխատանքից: Առաջին քառօրյայում անդրադառնալու ենք  այս խնդրին,  փորձելու ենք կառավարությանը  պարտադրել  կատարել աշխատակիցների բողոքները:

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ, ԱԺ
«Ժառանգություն» խմբակցության
ղեկավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Հասկանում եմ, որ աշխատողների պահանջը հստակ հիմնավորված է, եւ բոլոր պարագաներում  հարկավոր է փնտրել որեւէ ձեւ, որպեսզի  աշխատողների պահանջը բավարարվի: Բոլոր դեպքերում չեմ կարծում, որ նրանք իզուր տեղը բողոքի ալիք բարձրացնեն հատկապես վարձատրության կտրվածքով: Որպես խնդրի լուծում` կարծում եմ` պետք է որոշակի չափով բավարարվի նրանց պահանջը, բայց խնդիրը չլուծելու դեպքում դժվարությունների առաջ ենք կանգնելու:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ, ԱԺ
 պատգամավոր, ԲՀԿ անդամ
պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս