«Էրեբունի պլազա» ներխուժած անձի գործով դատարանը որոշում է կայացրել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 22-ին դատավոր Դավիթ Բալայանը որոշել է Արթուր Թորոսյանին ազատել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով պատասխանատվությունից և պատժից ու նրա նկատմամբ այդ արարքի կատարման համար կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:
Իրեղեն ապացույց ճանաչված «САЙГА-12К» մոդելի, 12 տրամաչափի «16600022» համարի որսորդական ողորկափող ինքնալից կարաբինն իր պահեստատուփով, այդ հրազենի թղթե արկղը, 14 հատ 12 տրամաչափի որսորդական փամփուշտները, 2 հատ փողային վարդակը, 1 հատ պտուտակահանը, հրազենի մաքրման պարագաները և շամփուրը՝ հանձնել ՀՀ ոստիկանությանն ի տնօրինություն, 12 տրամաչափի որսորդական ողորկափող զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտի կրակված պարկուճները, խից-կոնտեյներները, բեկորները /կրակված կոտորակները/ և դեպքի վայրից առգրավված պարկը՝ ոչնչացնել, իսկ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-նը պատկանող փափուկ կահույքը, շրիշակը, սյան երեսպատված շագանակագույն փայտաթելքի իրանից հարթակներն ու առաստաղը՝ թողնել «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ն տնօրինությանը:
Արթուր Թորոսյանի նկատմամբ կիրառված անվտանգության միջոցը՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը, թողնել ուժի մեջ մինչև հարկադրանքի միջոցի կիրառման սկիզբը:
Ասել է թե՝ դատարանը որոշել է՝ անձը անմեղսունակ է եւ պետք է բուժվի:
2020 թվականի հունվարի 23-ին ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը վնասազերծվել էր և տեղափոխվել ոստիկանություն:
Միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով: Այս գործը դատարանում է եւ այն քննում է դատավոր Դավիթ Բալայանը:
Քնար Մանուկյան