ՍԻԼՎԻ ԲԱՐԿՈՎԱՆ՝ ՈՐԴԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս դերասանուհի Սիլվի Բարկովան, որն ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Հնդկաստանի Մումբայ քաղաքում,  իր երկրպագուներին հայտնել է գեղեցիկ կարգավիճակի մասին: Դերասանուհին շուտով որդի է ունենալու:

 

ArmLur.am-ի հետ զրույցում Սիլվին, խոսելով զգացողությունների մասին, ասաց, որ զգում է իրեն  հիասքանչ, ու հիասքանչ զգալու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում է, եւ, ի ուրախություն իրեն, երեխային լույս աշխարհ կբերի հենց հայրենիքում:

Անդրադառնալով սեռի ընտրությանը՝ դերասանուհին նշեց. «Ինչպես բոլոր զույգերի մոտ, նախընտրությունը նույնն է՝ ամուսինս տղա էր ուզում, իսկ ես՝ աղջիկ»,-նշեց դերասանուհին:

Իսկ ինչ վերաբերում է երեխայի անվան ընտրությանը, դերասանուհին ասաց, որ նախապես մի քանի անուն որոշել են, քննարկել, բայց դեռ վերջնական ընտրություն չեն կատարել: Ինչպես դերասանուհին է ընդգծում, դեռ ժամանակ ունեն, կորոշեն:

Հիշեցնենք, որ Սիլվիի ամուսինն ազգությամբ հնդիկ է: Ամուսնությունից հետո զույգն ապրում է Հնդկաստանում: Այս օրերին, սակայն, Սիլվին Երեւանում է, եւ  փոքրիկի համար խնջույքն այստեղ են կազմակերպել: Դերասանուհին, ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով Հնդկաստանում ապրելուն  եւ զբաղվածությանը, նշել էր. «Զբաղված եմ ընտանեկան կյանքը վայելելով, երբեմն որպես ֆոտոմոդել հանդես գալով: Դժվարություններ, անխոս, եղել են, բայց դրանք հեշտ հաղթահարելի են եղել։ Ամուսինս, եթե անկեղծ, հայկական մենթալիտետ ունի։ Ես բացարձակ չեմ զգում, որ ամուսնացել եմ օտարերկրացու հետ: Ես միայն ֆիզիկապես եմ բացակայում երկրից։ Շատ եմ նեղսրտում, որ մենք կորցնելուց հետո ենք գնահատում, որ մենք միայն շատ վատ էքստրիմի ժամանակ ենք միախմբվում, որ մենք էդպես էլ չունեցանք երկիրն ու իր ազգին սիրող առաջնորդ, եւ այս դժվարին պահին նորից թանկացումներ են սկսել… Ու շատ-շատ նմանատիպ տխուր, ես կասեի՝ ողբերգական բաներ: Հավատք   ունեմ,   որ   չենք   կորցնի   մեր անկախությունը, որ Հայաստանը   «կա»-ից չի վերածվի «կար»-ի, ու եթե ոչ բոլորս,   ապա   մեծամասնությունը   կվերադառնա   մշտական   բնակության   մեր   լեռնոտ, հրաշք երկիր։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը միացել է ռեժիսոր Դագ Լիմանին տիեզերքում առաջին ֆիլմը նկարահանելու համար։

Նախնական տվյալներով՝ դերասանը ֆիլմի նկարահանումների համար հրթիռով կմեկնի Միջազգային տիեզերակայան։

«Այսպիսին է պլանը։ Ես եւ Թոմը մշակման փուլում մեծ նախագիծ ունենք՝ հրթիռը հասցնել տիեզերակայան եւ այնտեղ ֆիլմ նկարահանել»,- ասել է Universal Filmed Entertainment Group-ի ներկայացուցիչ Դոննա Լենգլին:

Լենգլին բացահայտել է, որ ֆիլմի մեծ մասը նկարահանվելու է Երկրի վրա, իսկ հետո գլխավոր հերոսը գնալու է տիեզերք, «որպեսզի փրկի իրավիճակը»։ Նա հավելել է, որ Քրուզը կլինի «առաջին քաղաքացիական անձը, որը տիեզերակայանից դուրս կգա դեպի բաց տիեզերք»։

 

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԹԵՆԻՍՈՒՄ

Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող:

Դանիելյանը Եվրոպայի ակումբային առաջնությանը մասնակցում էր ավստրիական թիմում` «Asvoe Pamhagen»-ում: Ակումբի կազմում ընդգրկված էին նաեւ Ուկրաինայից Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը եւ Լեհաստանից՝ Ալեքսանդրա Մալցեւսկան:

«Asvoe Pamhagen»-ը առաջնության ընթացքում տոնել է 5 հաղթանակ եւ միայն երկու տուր ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Երկրորդ տեղում ռումինական «ASE» թիմն է, իսկ եռյակը եզրափակում է Մոնտե Կառլոն ներկայացնող համանուն թիմը:

 

 

 

 

ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել ՄԼՍ-ում: Ամերիկյան ՄԼՍ-ի հերթական տուրի շրջանակներում «Կոլամբուս Կրյու»-ն հյուրընկալվել էր «Օրլանդո Սիթի»-ին:

Տան տերերին` «Օրլանդո Սիթի»-ին, հաջողվեց հաղթանակի հասնել 2:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Կրյու»-ի մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ խաղին:

Սելարայանը դարձավ ակումբի միակ գոլի գոլային փոխանցման հեղինակ` գնդակը թիմակցին փոխանցելով կրունկով:

Այս տուրից հետո «Կոլամբուս Կրյու»-ն մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

 

 

 




Լրահոս