Հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով եւ հայտնել նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի համար մեղադրում է Սերժ Սարգսյանին. «Կրկին անգամ ասում եմ, որ մեզ ուղղված բոլոր, առանց բացառության բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են, իրե՛նք՝ սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքից։ Որովհետեւ էն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, բանակցային էն թուղթը որ թողել է, եթե այդ չափանիշներով եւ այդ բանաձեւերով գնահատենք, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը եւ հեռացել է։ Եկեք սա արձանագրենք»։ Նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպման ընթացքում իր թիմակիցներին պատմում էր իր՝ վարչապետ ընտրվելուց ընդամենը 4 օր հետո Սոչիում՝ սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։ Ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն հորդորել են իրեն օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից լուծել ղարաբաղյան հարցը, եւ շեշտել. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։ Ըստ այս հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է փաստում, որ, ըստ ԱՊՀ երկրների որոշ ղեկավարների, բանակցությունները հասել էին այնպիսի փուլի, երբ «Ղարաբաղը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում»։ Այսպիսով, փաստենք, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվայում է: ՀՀ ԱԺ պատվիրակությունը ոչ միայն Վոլոդինի, այլեւ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ու ՌԴ խորհրդարանում ներկայացված ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ խմբակցության ներկայացուցիչների հետ է հանդիպել: Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, տելեգրամյան ալիքներով լուր էր տարածվում, որ ՀՀ պատվիրակությանն ու մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին թե՛ Վոլոդինը, թե՛ Մատվիենկոն հստակ հարց են ուղղել՝ պարզաբանել՝ ՀՀ-ն արդյոք պատրաստվում է հրաժեշտ տալ ՀԱՊԿ-ին կամ, այսպես ասած, առ ոչինչ ճանաչել ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությունը՝ փոխելով աշխարհաքաղաքական վեկտորը: Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին: Ի պատասխան՝ նա նշեց, որ նման բան չի եղել: Տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ այցելած հայկական պատվիրակության անդամներին ռուսաստանցի գործընկերները առաջին հերթին քաղաքական վեկտորը փոխելու կամ նման մտադրություն ունենալու մասին հարցեր պետք է ուղղեին: Դրա մասին է վկայում նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երեկ արտահայտած միտքն այն մասին, որ Մոսկվան ԵՄ առաքելությունը դիտարկում է որպես Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ:
«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքերով հարուցված քրեական վարույթներով քննությունները վերսկսվել են: Իսկ ի՞նչն է պատճառը, որ նախաքննական մարմինը որոշել է նորից քննել տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունների գործերը: Ինչպես հայտնի է, նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է: ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու գցում տարիներով իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն: Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 12-ին ինքնասպան եղավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, ինչի փաստի առթիվ հարուցվեց քրեական վարույթ: Մեկ տարի անց՝ 2021 թվականին, Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվեց: 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանը, ինչի առթիվ կրկին հարուցվեց քրեական գործ եւ դեպքից երկու տարի անց կասեցվեց: Հիմա պետք է որոշեն՝ կա՛մ կա մեղադրյալ այս գործերով, կա՛մ ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին եւ տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի են ենթարկել: Պատմությունը կապված է Երեւանի Կենտրոնում գտնվող խաղահրապարակի հետ. բնակիչները երկար ժամանակ դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, տեղակալներին՝ խնդրելով բարեկարգել իրենց բակի տարածքը, սակայն ոչինչ չի արվել: Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի կենտրոնի մի քանի բնակիչներ գնացել են թաղապետարան՝ պարզաբանումներ ստանալու: Խոսակցությունը փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի սենյակում է ծավալվել ու չի ստացվել, քանի որ փոխթաղապետը օգտագործել է պաշտոնյային ոչ հարիր բառապաշար՝ «սպրո՞ս եք անում» հարցադրումով: Երեւանի բնակիչներն էլ, որոնցից մեկը քրեական աստիճանակարգով բարձրագույն կոչում է ունեցել, բացատրել է, որ իրենք այդ նպատակով չեն եկել: Այսպես, փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի հետ քաշքշուկ է եղել, քարտուղարուհին շտապ կանչել է մյուս փոխթաղապետին՝ Նիկոլայ Սարիբեկյանին: Այնուհետեւ սենյակ է եկել թաղապետ Սամվել Ղուկասյանը, որոնք բոլորն էլ հասցրել են հարվածներ ստանալ հենց աշխատասենյակում: Ծեծկրտուքից հետո բնակիչները դուրս են եկել շենքից, իսկ թաղապետ Ղուկասյանը դիմել է ինչպես Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, այնպես էլ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին: Քրեական ենթամշակույթը խիստ մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության համայնքային ներկայացուցիչները խնդիրը ոչ թե լուծել են իրավապահների միջոցով, այլ «օրենքով գողերի» օգնությանն են դիմել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի առնչությամբ զանգահարեց Կենտրոն վարչական շրջան՝ խնդրելով տալ այն փոխթաղապետի հեռախոսահամարը, որի աշխատասենյակում ծեծկրտուք է եղել: Աշխատակցուհին միանգամից փոխանցեց Ռոմանոս Սաֆարյանի հեռախոսահամարը, սակայն ո՛չ նա, ո՛չ մյուս փոխթաղապետը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը չմեկնաբանեցին կատարվածը: Զրուցեցինք Տիգրան Մարտիրոսյանի հետ, որը կոմունալ բաժնի պետն է։ Վերջինս ասաց. «Դուք սխալ ինֆորմացիա ունեք: Եթե նմանատիպ բան լիներ, միանշանակ ոստիկանություն կհրավիրվեր»: Թաղապետարանի ծեծից հետո «օրենքով գողերի» օգնությանը դիմելու մասով լուրը, բնականաբար, հերքեց նաեւ Տիգրան Ավինյանը, սակայն թաղապետարանի աշխատակիցները պատմում են ծեծի մանրամասները: