ՈՍՏԻԿԱՆԸ «ԿՆՍՏԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել առ այն, որ ոստիկանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, գործը սխալ ուղղությամբ է տարել` ազատ արձակելով հանցագործին: Արդյունքում մեղադրյալի աթոռին է հայտնվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը):
2010թ. հունիսի 19-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի «Տրիումֆ» սրճարանի դիմաց Հայաստանի քաղաքացի Դ.Քրիստոստուրյանի եւ ԱՄՆ քաղաքացի Է.Մնացականյանի խոսակցությունը վերածվել է վիճաբանության: Նրանք սկսել են իրար քաշքշել, հայհոյել եւ հարվածել միմյանց, ինչի հետեւանքով Դ.Քրիստոստուրյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Սակայն Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Գ.Մելիքյանը 2010թ. նույն օրը բերման ենթարկված դեպքի մասնակիցներից եւ ականատեսներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալներն էականորեն փոփոխած բովանդակությամբ բացատրություններ: Գրվել է, թե իբր վիճաբանողները եղել են Դ.Քրիստոստուրյանը եւ վերջինիս ընկեր Ռ.Մելիքյանը, ով իրականում դեպքի վայր էր ժամանել` վիճաբանության մասին տեղեկանալով: Իսկ Է.Մնացականյանը ոստիկանությունում ներկայացվել է որպես նրանց բաժանող:
Այսպիսով` ոստիկանության տեսուչը, ըստ նախաքննական մարմնի, չի ապահովել քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունը` հնարավորություն ընձեռելով Է.Մնացականյանին մեկնել Հայաստանից:




Լրահոս