ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքուն «Լաչինի միջանցքին» համարժեք ճանապարհ է ուզում. Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳՆ-ների արձագանքը՝ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորություններից խուսափելով»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի կառավարությանն՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհ տրամադրելու «մեսիջին» պաշտոնական Բաքուն այսպես է արձագանքել:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Twitter-ի իր էջում գրել էր, որ պաշտոնական Երևանը հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին նախագիծը դեռ մի քանի ամիս առաջ է շրջանառել, ինչին Ադրբեջանը դեռևս չի արձագանքել:
Այսօր արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել ու նշել՝ Հայաստանի կողմից անցակետերի բացման 3 տարբերակների առաջարկներն էլ անիրատեսական են: «Այդպիսով անտեսվում են 20 ամիս ձգվող քննարկումները, ինչը լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի Twitter-ի էջում:

Կրտսեր եղբորը հերթական անգամ օգնության ձեռք է մեկնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ու հայտարարել՝ «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը պետք է համարժեք լինի Լաչինի միջանցքի կարգավիճակին:

Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին առաջարկել է խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրել, ինչին Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել, Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Չավուշօղլուն նաև զուգահեռներ է տարել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների միջև ու ընդգծել՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն կազդի Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու գործընթացի վրա:

Սևակ Վարդումյան




Լրահոս