Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետեւողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի եւ ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք:
Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ձեռնարկված բազմաբնույթ եւ արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում խարդախության մեջ մեղադրվող ամուսիններ Ա.Հ-ի եւ Ա. Ջ-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես` նրանց քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական վարույթը կարճելու համար 2021 թվականի սեպտեմբերի 23-ից հետո Գ.Մ-ի օժանդակությամբ մաս-մաս պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք:
Նույն միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ Վ.Ա.-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Կ.Խ-ի թոռան օգտին գործողություններ կատարելու, այն է` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար պահանջել եւ ստացել է խոշոր չափերով՝ 2.031.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Պարզվել է նաեւ, որ 2022 թվականի հուլիսի 22-ին Մասիս-Այնթապ ավտոճանապարհին նույն գործով մեղադրյալ Ա.Հ-ի վարած ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա-ն, ի վնաս պետական եւ ծառայողական շահերի օգտագործելով իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունը, կաշառք-գումարի դիմաց միջամտել է նախաքննությանը, որի արդյունքում Ա.Հ-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ խաթարվել է արդարադատության շահը:
Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված համակարգված քննչական գործողությունների արդյունքում Վ. Ա-ն, Ա. Հ-ն, Ա. Ջ-ն, Կ. Խ-ն եւ Գ. Մ-ն բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե եւ ձերբակալվել են:
ՅՈՒՐԱՑՐԵԼ Է
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հարություն Երվանդի Վարդումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականի հոկտեմբերի 31-ից մինչ օրս զբաղեցնելով «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, ունենալով մեկ միասնական դիտավորություն հափշտակելու Երեւանի քաղաքապետարանի կողմից իրավաբանորեն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 25.187.484 (քսանհինգ հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ գումարը, օրինական հիմքերով իր կողմից ղեկավարվող ՀՈԱԿ-ում գրանցված, սակայն փաստացի աշխատանքի չհաճախող Վարդան Աբրահամյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս, հափշտակել է 4.035.314 ՀՀ դրամ, Մշոտ Աճեմյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս, հափշտակել է 3.403.499 ՀՀ դրամ, ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Ալեքսան Հովհաննիսյանի հոր՝ Մարզպետ Հովհաննիսյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս, հափշտակել է 63.400 ՀՀ դրամ, մայրիկի՝ Սաթիկ Վահագի Ֆերոյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս, հափշտակել է 4.118.360 ՀՀ դրամ, կնոջ՝ Անի Թելմանի Զոհրաբյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս, հափշտակել է 4.307.253 ՀՀ դրամ եւ վերջինիս հոր՝ Թելման Անդրանիկի Զոհրաբյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս, հափշտակել է 1.079.707 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում իր կնոջ՝ Բելա Վարդումյանի օժանդակությամբ, հօգուտ վերջինիս, հափշտակել է 1.448.722 ՀՀ դրամ, Հարություն Նալբանդյանի օժանդակությամբ հափշտակել է 448.104 ՀՀ դրամ գումար, ինչպես նաեւ հափշտակել է Մշոտ Պետրոսյանի անվամբ ելքագրված 5.845.339 ՀՀ դրամ գումարը՝ այն դարձնելով իրենը:
Միաժամանակ, հափշտակել է «Երեւանի Մալաթիա֊Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ում գրանցված եւ փաստացի աշխատողներ հանդիսացող Գարիկ Բաղդասարյանի եւ Ալեքսանդր Ղամբարյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրանց անվամբ փոխանցված համապատասխանաբար 170.884 ՀՀ դրամ եւ 266.902 ՀՀ դրամ գումար աշխատավարձները, որոնք նույնպես այն դարձրել է իրենը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Տարոն Ղարիբյանը դատի է տվել Քննչական կոմիտեին: Վերջինս պահանջում է, որ 11.08.2022թ. թիվ 1003-Ա հրամանն անվավեր ճանաչեն եւ, որպես հետեւանք, հայցվորին նախկին աշխատանքում վերականգնեն եւ վերջինիս միջին աշխատավարձի գումարը՝ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, բռնագանձեն: Ասել է թե՝ ՀԿԳ քննիչին ազատել են պաշտոնից, եւ նա այդ ազատումը վիճարկում է դատարանում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 5 ԱՆՁ
Սիմֆերոպոլի շրջանային դատարանը կալանավորել է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական գործողության քրեական գործով անցնող հինգ անձանց. հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նշվում է, որ կասկածյալներին կալանավորել են մինչեւ դեկտեմբերի 8-ը։ Դրանց թվում են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբին, Արթուր Թերջանյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել՝ փլուզելով ավտոմոբիլային ճանապարհի երկու թռիչքուղի։ Պայթյունից զոհվել էր չորս մարդ։ Ընդհանուր առմամբ ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է պայթյունի 12 մասնակցի։ ԱԴԾ-ն հայտնել է ութ մարդու ձերբակալության մասին, որոնց թվում են հինգ ռուսաստանցի եւ Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացի:
ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարութային այլ գործողություններ՝ Արարատի մարզում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՔԿ-ից հայտնում են, որ, նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արտաշատ-Մասիս ճանապարհին հարակից ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, որի ընթացքում նրանցից մեկի կանչով նշված վայր են ժամանել երկու անձ: Մոտենալով երիտասարդներին՝ նրանցից մեկը մի քանի կրակոց է արձակել, որից հետո նստելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել են: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի 3 հատ կրակված պարկուճ եւ արնանման հետքեր, վերցվել է հիշյալ ռեստորանային համալիրի տարածքի տեսանկարահանող սարքերի հիշողության պահպանման սարքը, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական վարույթի շրջանակներում 3 անձ ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց շրջանակը պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: