«Երաժշտություն՝ հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Talentum կրթական եւ զարգացնող ծրագրի կրթաթոշակառուները համերգով ամփոփեցին 2021/2022 թվականների ծրագիրը:
Համերգային երեկոյին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ելույթ ունեցավ ծրագրի 11-18 տարեկան 15 կրթաթոշակառու:
Նրանք ներկայացրին հայ եւ օտարազգի համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Կրթաթոշակառուները 150-ից ավելի վարպետության դասեր են անցել, ծանոթացել եւ մասնագիտական խորհուրդներ են ստացել հիսունից ավելի պրոֆեսորներից ու հանրահայտ երաժիշտներից, մասնակցել են օտար լեզուների դասընթացների Բրյուսովի անվան պետական համալսարանում, այցելել են թանգարաններ, մասնակցել են համերգների, իսկ այս երեկո նրանց հաշվետու համերգն է, որտեղ ներկայացնելու են այն հմտությունները, որոնք ձեռք են բերել այս մեկ տարվա ընթացքում»,- պատմեց հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:
Նա նշեց, որ ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 300 պատանի, սակայն ընտրվել է 15 մասնակից: Նրանք վարպետության դասեր են անցնել այնպիսի երաժիշտների մոտ, ինչպիսիք են թավջութակահարներ Միշա Մայսկին, Դմիտրի Յաբլոնսկին, ջութակահարներ Գիլ Շահամը, Դորա Շվարցբերգը, հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը, դաշնակահարներ Ալեքսեյ Ռոմանովսկին, Գլորիա Կամպաները եւ այլք:
Տեր-Հովակիմյանի խոսքով՝ ծրագրին մասնակցում են միայն ակադեմիական գործիքների կատարողները՝ դաշնակահարներ, ջութակահարներ, հոբոյահարներ, կլարնետահարներ, ֆլեյտահարներ, թավջութակահարներ:
Հիմնադրամի տնօրենը ծրագրի ձեռքբերումն է համարում հովանավորների աջակցությունը եւ հույս հայտնում, որ տարիների ընթացքում երաժշտությունը կարեւորող մեկենասների թիվը կավելանա:
Համերգի ավարտին պատանի երաժիշտներին հանձնվեցին «Երաժշտություն՝ հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Talentum ծրագրի ավարտական վկայականներ:
«Երաժշտություն՝ հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը 2019 թվականին հիմնադրել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը եւ գլխավորում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքները: Հիմնադրամը հետապնդում է մշակութային հանրահռչակման եւ զարգացման նպատակներ: Այն ուղղված է կրթական, սոցիալական եւ մշակութային ծրագրերի իրականացմանը:
Հիմնադրամի առաքելությունն է բացահայտել, զարգացնել, կրթել եւ աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներին, մշակութային եւ կրթական հաստատություններին եւ կազմակերպություններին ամբողջ աշխարհում, տրամադրել կրթաթոշակներ, նյութական օժանդակություն շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին, ապահովել նրանց մասնակցությունը միջազգային տարբեր երաժշտական փառատոններին, միջոցառումներին, մրցույթներին եւ երաժշտական ծրագրերին:
Հիմնադրամը ձգտում է նպաստել Հայաստանի եւ սփյուռքի հայկական մշակութային եւ կրթական կազմակերպությունների եւ անհատների միջեւ կապերի հաստատմանը եւ համագործակցությանը, հայկական մշակութային ներուժի համախմբմանը, հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը եւ տարածմանը Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս:
ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՆՇՎԵԼ ԱՐՏԻՍՏԻ 55-ԱՄՅԱԿԸ
Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակի առթիվ հոկտեմբերի 10-ին «Դվին» համերգասրահում տեղի է ունեցել «Երեւանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն:
Համերգին Ֆորշին նվիրված կատարումներով հանդես են եկել Thea Orchestra-ն, Գոռ Սուջյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Շուշան Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արամ MP3-ը, Սամսոն Մելիքյանը, Զարուհի Բաբայանը, Սրբուկը, Աղվան Պապոյանը, Արփին, Արտակ Ներսիսյանը, Լուկաս Մադոյանը, Հայկ Պետրոսյանը, Լեւոն Մալխասյանը, Ռադիկ Գաբրիելյանը եւ Խամաճիկների պետական թատրոնի արտիստները։
Հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանը, որը հյուրերից էր, իրեն այն երջանիկներից է համարում, որը երաժշտական դպրոցում նույն դասարանում է սովորել Ֆորշի, Գրիշա Աղախանյանի, Արամոյի հետ: «Լավ հիշում եմ այն շրջանը, երբ Վահանը դարձավ Ֆորշլագ, հետո՝ Ֆորշ: Ֆորշն ինձ համար սիրելի, հարազատ անձնավորություն է: Նրա յուրաքանչյուր երգ մեր սրտից է բխում եւ դիպչում է սրտին: Մենք սիրում ենք մեր քաղաքը, միմյանց նաեւ Ֆորշի երգերով»,-նշել է Արամյանն ու հավելել՝ Ֆորշը անհրաժեշտ է Երեւանին եւ պետք է միշտ Երեւանում լինի:
Հաղորդավար Արման Մարգարյանը ոչ միայն Ֆորշի երիտասարդ երկրպագուն է, այլեւ ընկերը: «Երբ փոքր երեխա էի, Ֆորշի երգերը ձայներիզներով էի լսում: Երբեք չէի հավատա՝ կգա մի օր, եւ մենք կընկերանանք: Երջանիկ եմ, որ նա մեր ավագ ընկերն է, Երեւանի Ֆորշն է, որին պետք է փայփայել ու լսել նրա երգերը»,-ասել է Մարգարյանը:
Երգչուհի Նառան Ֆորշին Երեւանի վառ գույներից է համարում: Կարծում է՝ Ֆորշը Երեւան քաղաքի կարեւոր մասն է: «Ցանկանում եմ, որ Ֆորշը լինի առողջ եւ երկար ստեղծագործական ճանապարհ անցնի»,-ընդգծել է Նառան:
Համերգը կազմակերպել են Երեւանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը եւ Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։
Երեկոյին ներկայացվել է Ֆորշի 55-ամյակին նվիրված տեսաֆիլմ, ինչպես նաեւ բազում այլ անակնկալներ։ Ֆորշը եւ «Ռե Մինոր» խումբը եւս հանդես են եկել կատարումներով։
ՆՈՐ ԵՐԳ
Բրիտանական Queen ռոք խումբը թողարկել է Face It Alone երգը, որը հիմնված է Ֆրեդի Մերկուրիի՝ 1988 թվականի դեմոձայնագրության վրա։ Երգը ստեղծվել է այն ժամանակ, երբ երաժիշտներն աշխատում էին The Miracle ալբոմի վրա։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Հարցազրույցում Queen-ի անդամներ Բրայան Մեյը եւ Ռոջեր Թեյլորը նշել են, որ չեն հավատում հին ձայնագրությունը վերականգնելու հնարավորությանը, սակայն հաճելիորեն զարմացած են ստացված երգի հուզիչ արդյունքից։ «Մենք Ֆրեդիից գտանք մի փոքրիկ գոհար, որի մասին փոքր-ինչ մոռացել էինք: Դա իսկական բացահայտում էր»,- ասել են նրանք։
Face It Alone թրեքը կներառվի Queen-ի առաջիկա ալբոմում, որում ունկնդիրներին կներկայացվեն նաեւ երաժիշտների երկխոսությունների ձայնագրությունները։
Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991 թվականի նոյեմբերի 24-ին։ Չնայած դրան՝ թիմը շարունակում է գոյություն ունենալ։ Նոր կազմում, բացի Մեյից ու Թեյլորից, ընդգրկված են Փոլ Ռոջերսն ու Ադամ Լամբերտը։
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իսպանական «Բետիսի» հետ 1:1 հաշվով ոչ-ոքի արդյունքը Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում։
«Փլեյ-օֆֆի խաղ էր։ Եթե պարտվեինք, կկորցնեինք խմբից դուրս գալու հնարավորությունը։ Առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելը իսկական ճնշում է, որը չէր զգացվի առաջնության սովորական խաղում։
Մենք ունեինք բազմաթիվ խնդիրներ, վնասվածքներ, որակազրկումներ, հոգնածություն, իսկ մրցակիցը, նախորդ հանդիպման համեմատ, ութ փոփոխություն էր կատարել եւ ներկայացրել թարմ կազմ։ Մեր դրսեւորած կիրքը թույլ տվեց երկրորդ խաղակեսում խփել պատասխան գոլը եւ խուսափել պարտությունից։
Մնացել է երկու հանդիպում։ Պետք է հաղթել, այլապես դուրս կմնանք։ Լավ է, որ ամեն ինչ կախված է մեզնից»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
Անցած տուրում «Ռոման» տանը 1:2 հաշվով պարտվել էր «Բետիսին»։
«Բետիսը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռոման» երրորդն է՝ 4 միավոր։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող բուլղարական «Լուդոգորեցը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։