Արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության բոլոր աշխատակիցներն այսուհետ աշխատելու են «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Խոսքը 451 աշխատողի մասին է:
Բայց սրան զուգահեռ նկատենք, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը բավականին ավելացրել է հարկային վճարումները: ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ ընկերությունը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկում: Օրինակ, այս տարվա հունվար-սեպտեմբերին գտնվել է ցանկի 267-րդ տեղում եւ պետական բյուջե վճարել է 702 մլն 591 հազար դրամի չափով հարկ ու տուրք: Իսկ հունվար-հունիս ամիսներին այս ընկերության կողմից կատարվել է 512 մլն 315 հազար դրամի հարկային վճարում:
Նշենք, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռեւս 2011 թվականին ծառայության ձեռքբերման պայմանագիր էր կնքել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ։ Դեռեւս 2016 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր իրավական մեխանիզմ մշակել, որպեսզի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցնեն պետական եւ համայնքային կառույցներին: Իսկ ահա 2017 թվականին պայմանագիրը լուծվել էր։