Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տեսադաշտում։ Թե ինչու է Գեղամ Գեւորգյանը հիմա սկսել «հետաքրքրվել» քաղաքապետարանի գործելաոճով, թերեւս գաղտնիք չէ։ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Գեղամ Գեւորգյանի մտերիմն է եւ իր ղեկավարած հանձնաժողովն արդեն թվով երկրորդ վարույթն է հարուցել քաղաքապետարանի նկատմամբ։ Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը հոկտեմբերի 11-ի որոշմամբ նախազգուշացում է տվել Երեւանի քաղաքապետարանին։ Իսկ ինչու էր քաղաքապետարանը զայրացրել Հանձնաժողովին։
ArmLur.am-ը գրել էր, որ քաղաքապետարանից պահանջվել էր ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների օրինականացման դիմումների վերաբերյալ տեղեկատվություն, «Քաղաքաշինություն» ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված բոլոր գործող պայմանագրերի պատճենները: Բացի այս, քաղաքապետարանը պետք է հանձնաժողովին ներկայացներ նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ին 2018 թվականի հունվարի 1-ից մինչ օրս տրամադրված ֆինանսավորումների եւ կատարողականների վերաբերյալ տեղեկատվություն: Այս տվյալները փոխանցելու համար քաղաքապետարանին տրվել էր ժամանակ՝ 5 աշխատանքային օր, սակայն քաղաքապետարանը պահանջված տեղեկատվությունը չի ներկայացրել սահմանված ժամկետում: Ըստ հանձնաժողովի՝ քաղաքապետարանի վարքագիծն առերեւույթ պարունակել է պետական մարմնի պարտականության խախտման հատկանիշներ: Այդ իսկ պատճառով հոկտեմբերի 11-ի որոշմամբ Գեղամ Գեւորգյանը նախազգուշացում է տվել քաղաքապետարանին։
Ավելին քաղաքոապետարանին հանձնարարել է երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել պահանջված տեղեկատվությունը։ Իսկ եթե այս հանձնարարությունները սահմանված ժամանակահատվածում չկատարվեն, ապա ենթակա են հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։
Բացի այս, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը եւս մեկ վարույթ է հարուցել քաղաքապետարանի նկատմամբ։ Այս անգամ պատճառն ավտոբուսներն են։ Ըստ հանձնաժողովի՝ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Բացի այս, արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսավարող սուբյեկտների հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:
Բայց նկատենք, որ այս ստուգումներով ինչ էլ պարզվի, վերաբերելու է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին. չէ՞ որ ինքնակամ շինություններն ապամոնտաժողը եւ նոր ավտոբուսներ ձեռք բերողը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էր, ու եթե չարաշահումներ լինեն, նրա պաշտոնավարմանն են վերաբերելու:
Սյունէ Համբարձումյան