ԿԸՀ նախագահի ավարտած բուհում ուսումնական կյանքը 2015 թվականից դադարել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի ձեռք բերած իրավաբանական կրթության շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Տեղեկացնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի՝ որպես ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորի, ներկայացրած կենսագրության մեջ, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, նշված է, թե նա 1996-2000թթ ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության, քաղաքագիտության ֆակուլտետը, մինչդեռ վարձավճար չմուծելու պատճառով նա դուրս է մնացել համալսարանից:

Իր կենսագրականում նշել է, թե 2021թ. ավարտել է Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը եւ ունի իրավաբանի որակավորում, սակայն բացակայում է տեղեկությունը, թե որ թվականին է բուհ ընդունվել: Իսկ իրականում եղել է ձևական մի գործընթաց՝ իրավաբանի դիպլոմ ունենալու համար:

Բայց նկատենք, որ ՔՊ-ական սահմանադրագետն իրավական կրթություն ստացել է այնպիսի մի համալսարանում, որտեղ ուսումնական կյանքը, ըստ համալսարանի պաշտոնական կայքի՝ 2014-2015 թվականներից հետո կանգ է առել։ Օրինակ, համալսարանի պաշտոնական կայքի տվյալներով, ընդունելության վերջին քննությունները տեղի են ունեցել 2014-2015 թվականներին։ Ավելին, գիտական խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2015 թվականին։ Համենայնդեպս, կայքի տվյալներով, գիտական խորհրդի նիստի արձանագրությունը հրապարակվել է 2015 թվականի սեպտեմբերի 11-ին։

Ի դեպ, Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ Հովակիմյանը 2017-2018 ուսումնական տարին է ընդունվել: Եթե պատգամավորը ավարտել է հեռակա բաժինը, ապա պետք է 5 տարի սովորած լիներ, հետեւաբար պետք է ընդունված լիներ մասնավոր այդ համալսարանը 2016 թվականին։ 2014-2016 թվականներին Հովակիմյանն աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում որպես փոխխմբագիր, եւ մենք՝ որպես գործընկերներ, որեւէ բան չենք իմացել նրա՝ որեւէ համալսարանում ուսանելու մասին. նա երբեք դասի չի գնացել, ստուգարքի, քննության չի մասնակցել:

Սա ինքնին ենթադրում է, որ նա 2018 թվականին, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընտրվել էր պատգամավոր, արդեն սովորում էր վերոնշյալ համալսարանում: Նախկինում նրա ներկայացրած կենսագրության մեջ բացակայում է ուսանող լինելու մասին որեւէ տեղեկություն: Այդ կենսագրության մեջ միայն նշված են տեղեկությունները նախորդ կրթության մասին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս