ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱԶԱՏՎԵՆ ՊԵՏՏՈՒՐՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Աեւակ Աղաջանյանը:

 

Քննարկվել են շրջանառության մեջ գտնվող մի շարք օրինագծեր:

««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այն իրավական ակտերը, որոնք հրապարակվում էին «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականում, այսուհետ կհրապարակվեն http://arlexis.xn--am-efa կայքում, իսկ լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման կամ դադարեցման մասին իրենց որոշումները, ինչպես նաեւ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում կհրապարակվեն իրենց պաշտոնական ինտերնետային կայքէջերում:

««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը  մշակվել է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կողմից, ներկայացրել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա բացատրեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանի գործունեության իրականացման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Գործող իրավակարգավորումներով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կազմված է դեպարտամենտից, քարտուղարությունից եւ խորհրդականներից, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների լիարժեք ու պատշաճ իրականացման համար անհրաժեշտություն է դառնում նաեւ մարդու իրավունքների պաշտպանի օգնականի պաշտոնի առկայությունը: Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել օրենքում:

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է իրավակիրառական պրակիտիկայում առաջացած որոշակի խնդիրների եւ օրենսդրական բացերի կարգավորման, ոլորտի զարգացման  հետ կապված լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտությամբ: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումը միտում ունի պարզեցնել ԱՀ կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացվող գործառույթները, բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակը, գործառույթների իրականացման արդյունավետությունը, ապահովել համակարգի գործունեության առավել թափանցիկությունն ու մատչելիությունը՝ նպաստելով տվյալ ոլորտում օրենսդրության կատարելագործմանը: Առաջարկվող կարգավորման բնույթը պարզաբանել է ԱՀ կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը:

Նախագծով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարել նորմատիվ իրավական ակտերի անվանումների հիշատակման օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանեցումներ, լրացումներ եւ փոփոխություններ: Պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով ու առաջարկներով: Զոհված զինծառայողների ընտանիքներին ժառանգության իրավունքի պետական տուրքից ազատելու վերաբերյալ առաջարկը ԱՀ կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանը խոստացավ քննարկել: Քննարկումից հետո ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ներկայացված նախագծերին: Դրանք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

 

 

 

Ո՞Ր ՄԵԴԻԱՆԵՐԸ ԿԱՐԳԵԼՎԵՆ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կրկին փոփոխություններ կարվեն:

 

Այս անգամ հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն է: Վերջինս առաջարկում է փոփոխություն անել եւ սահմանել, որ եթեր հեռարձակվող ընկերությունների անունը չի կարող համընկնել կամ շփոթելու աստիճան նման լինել ընկերության ապրանքային նշանի կամ անվան հետ, իրենց գովազդներում օգտագործված գրաֆիկական, ձայնային նշաններին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշաններին, որը վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի գործունեությամբ:

Հիմնավորման մեջ պատգամավորը նշում է, թե «Գովազդի մասին» օրենքով արգելված կամ սահմանափակված է խաղային բիզնեսը՝ օնլայն եւ ոչ օնլայն կազինոներ, բուքմեյքերներ, վիճակախաղեր, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր, եւ այլն գովազդելը: Այսինքն՝ շահումով խաղերի եւ վիճակախաղերի համար օրենսդիրը սահմանել է գովազդային էական սահմանափակումներ:

Պատգամավորը նկատում է, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիա միջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճան նման լինել «Գովազդի մասին» օրենքով սահմանափակումների ենթարկված շահումով խաղերի (ինտերնետ շահումով խաղերի) եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ: Այսինքն՝ սա հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ՝ ըստ էության դառնալով անուղղակի գովազդ:

Բացի այդ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի օգոստոսի 7-ին, որով սահմանվել են նոր կարգավորումներ տեսալսողական մեդիա դաշտի համար, ինչպես նաեւ սահմանվել են նոր հասկացություններ, որոնք արտացոլված չեն «Գովազդի մասին» օրենքի՝  տեսալսողական մեդիային վերաբերող իրավադրույթներում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին Դիլիջան քաղաքում՝ միջպետական ավտոճանապարհին, տեղի է ունցել հենապատի փլուզում, մեծ փոս է առաջացել, այդ հատվածում ճանապարհի  երթեւեկելի մասը նեղացել է։ Այդ փլուզումը տեղի է ունեցել ճանապարհի նորոգման ընթացքում հավանաբար վտանգավոր հատվածում շինտեխնիկայի կուտակման հետեւանքով։ Ավելի վաղ ճանապարհային դեպարտամենտը հայտնել է.

«Հիմնանորոգվում է Մ- 4, Երեւան – Սեւան – Իջեւան – Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ 91+176-կմ 96+176 հատվածը։ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով եւ  ընդգրկում է Դիլիջանի ոլորանների մի հատվածը մինչեւ Դիլիջանի օղակաձեւ հատված՝ Մ-4 եւ  Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։ Կատարվել են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհին առկա կամրջի նորոգում, ճանապարհի կահավորում անվտանգության տարրերով։ Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հատկացվել է մոտ 1 միլիարդ դրամ։ Հիմնանորոգումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ»։ Ճանապարհային դեպարտամենտը չի հրապարակել, թե որ կազմակերպությունն է իրականացնում այդ ճանապարհի նորոգումը։ Նախկինում՝ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ կառուցվող եւ հիմնանորգվող ճանապարհների եզրերին ցուցանակներ  էին տեղադրվում, որտեղ  գրվում էր   ճանապարհի կառապալառու, ենթակապալառու, աշխատանքները վերահսկող   կազակերպությունների անվանումները, աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները, աշխատանքների սկիզբի եւ ավարտի ժամկետները։  Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք  նման ցուցանակներ  չեն տեղադրվում:

 

 

 

 

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն է հրապարակել 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի եւ վճարների մեծության վերաբերյալ։ 1000 խոշոր հարկատուների մեջ 6 ընկերություն Տավուշի մարզից է։ Ցուցակի 322-րդ տեղը զբաղեցնում է «Դենիզ»-ը, 579-րդ տեղը՝ «Իջեւանի գինու, կոնյակի գործարան»-ը, 587-րդ տեղը՝ «Տավուշ  Տեքստիլ»-ը, 733-րդը՝ «Դիլիջան Ինտերնեյշնլ  Սքուլ օֆ  Արմենիա»-ն, 836-րդ տեղում «Փոենի»-ն է, 970-ում՝ «Դիլիջան առողջարան»-ը։ Համացանցում «Դենիզ եւ «Փոենի» ընկերությունների մասին տեղեկություններ ընդհանրապես չկան։ Կարողացա այլ աղբյուրից պարզել, որ «Դենիզ» ընկերությունը զբաղում է արտաքին առեւտրով, իսկ «Փոենի»-ն Երեւանում շենքեր է կառուցում։ Ընթացիկ տարվա  9 ամիսներին «Դենիզ»-ը, պետական բյուջե է մուծել 576 միլիոն 78 հազար դրամ, որից 559 միլիոն 860 հազար դրամը մաքսային տուրքեր են։ Թե ինչու են «Դենիզ» եւ «Փոենի» ընկերությունները իրավաբանական գրանցում ստացել սահմանամերձ Տավուշի մարզում, պարզ չէ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս