ՄԱՐԶՊԵՏԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հոկտեմբերի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր արել այն մասին,  թե ինքը տեղյակ է արդյոք, որ  Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը դպրոցի կենսաթոշակառու ուսուցիչներին աշխատանքից ազատելու ժամանակ    խախտել է նրանց հետ կնքած աշխատանքային պայմանագրերում  նշված  ժամկետները, 2021-2022 ուսումնական տարում այդ  դպրոցում անօրինական կերպով գործել է բուֆետ, Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի 9-րդ 2 դասարանների  աշակերտների ծնողներից ավարտական հանդեսի կազմակերպման նպատակով դրամահավաք է կատարվել,  Բերդ խոշորացված համայնքի Պառավաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Ղայթմազյանի  հրահանգով  2022թ. սեպտեմբերի 1-ից՝ ամեն օր՝ առավոտ  ժամը 9-ից, դպրոցի  դռները փակվում են, ուշացած աշակերտներին ներս չեն թողնում։ Մարզպետն իր  գրավոր պատասխանում նշել է, որ  Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական եւ Պառավաքարի միջնակարգ դպրոցների վերաբերյալ  առաջադրված հարցերն ուսումնասիրվել են  մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից, եւ հավելել է. «Տեղեկացնում եմ, որ  «Նոյեմբերյանի թիվ 2  հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 30.06.2022թ. ազատված ուսուցիչները թվով հինգն են։

 

Ուսուցիչներից երկուսն ազատվել են իրենց դիմումի համաձայն, երեքը՝ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով։ Դպրոցում անօրինական  բուֆետ չի գործել։ Նոյեմբերյանի համայնքապետարանը դպրոցի ավարտական միջոցառումը կազմակերպելու համար դպրոցին է հատկացրել 60000 դրամ։ Տնօրենը հանդիպել է  ծնողխորհրդի նախագահների հետ եւ ներկայացրել գումարը։ «Նոյեմբերյանի թիվ 2  հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում դասարանական ծնողական խորհուրդները իրենց նախաձեռնությամբ ավարտական միջոցառում կազմակերպելու համար իրականացրել են դրամահավաք։ Ծնողական խորհուրդների նախագահներն իրենց դասարանական ծնողական խորհուրդների առաջարկությամբ եւ բանավոր համաձայնությամբ ավարտական միջոցառում կազմակերպելու նապատակով առաջարկել են միջոցառումը պատշաճ ձեւով անցկացնելու համար լարել դպրոցի դաշնամուրը, գնել միկրոֆոն եւ միկրոֆոնի տակդիրներ, որը հետագայում նույնպես կօգտագործվեն դպրոցում այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով։ Ծնողխորհուրդների նախագահների առաջարկությունը հաշվի է առնվել։ «Պառավաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առավատյան ժամը 9:00-ին ժամանակավորապես փակվել է մուտքի դուռը մինչեւ 1-ին դասաժամի ավարտը, չի թույլատրվել աշակերտների մուտքը դպրոց։ Որոշումը կայացվել է մանկավարժական եւ ծնողական խորհուրդների նիստերում աշակերտների ուշացումները կանխելու եւ կարգապահությունը բարձրացնելու նպատակով»: Տավուշի մարզպետը, մեղմ ասած, ապատեղեկատվություն է հայտնել. Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի կենսաթոշակառու ուսուցիչներին աշխատանից ազատելիս դպրոցի տնօրենը նրանցից առնվազն 2-ի դեպքում խախտել է ուսուցիչների հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետները՝ նրանց ազատելով պայմանագրում նշված ժամկետները լրանալուց առաջ։ 2021-2022 ուսումնական տարում Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում անօրինական կերպով գործել է բուֆետ, որի բուֆետապանը եղել է  այդ դպրոցի դռնապան կինը։ Այդ դպրոցի բոլոր աշխատակիցները, դպրոցի բոլոր աշակերտները, նրանց ծնողները գիտեն, որ անցյալ ուսումնական տարում  դպրոցում բուֆետ է գործել, քանզի աշակերտները օգտվել են դրանից, ծնողներն իրենց երեխաներին ամեն օր գումար են տվել բուֆետից օգտվելու համար։ Պառավաքարի դպրոցի տնօրեն Ն. Ղայթմազյանը նոր ուսումնական տարվա սկզբից անօրինական կերպով փակել է տվել դպրոցի դռները, եւ դրանք փակ են մնացել բոլոր դասաժամերի ժամանակ, ոչ թե միայն առաջին դասաժամի ընթացքում, ինչպես նշել է  մարզպետ Ղալումյանը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

Ո՛Չ ԱՌԱՔՈՒՄՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ, Ո՛Չ ԳՈՒՄԱՐՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ

«Վայլդբերրիզ» ընկերությունը հայտնվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տեսադաշտում:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովը հոկտեմբերի 4-ին որոշել է «Վայլդբերրիզ» ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ հարուցել վարույթ:

Պարզվում է՝ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով է դիմել քաղաքացի եւ հաղորդում ներկայացրել: Նա հայտնել է, որ այս տարվա հուլիսի 4-ին եւ 7-ին գնում է կատարել «am.wildberries.ru» կայքից, որի համար իր բանկային քարտից կատարել է համապատասխան վճարում:

Ըստ գործող դրույթների՝ ապրանքը պետք է առաքվեր 7-10 օրում, կամ պետք է գումարը հետ վերադարձվեր, սակայն հաղորդում ներկայացնելու օրվա դրությամբ գնված ապրանքները չեն առաքվել, իսկ գումարը հետ չի վերադարձվել:

Հանձնաժողով դիմած քաղաքացին խնդրել է անբարեխղճության եւ խաբեության համար ընկերության նկատմամբ կիրառել խիստ պատասխանատվության միջոց:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանձնաժողովն ընկերությունից պահանջել է ներկայացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված առաքումների վերաբերյալ տեղեկատվությունը: Պարզվում է, որ ընկերությունը գրություն չի ստացել եւ պահանջված տեղեկատվությունը չի ներկայացրել:

Ավելին, հանձնաժողովը պարզել է, որ «Wildberries Armenia» ֆեյսբուքյան էջում եղել են առաքման ժամկետների վերաբերյալ սպառողների կողմից դժգոհություններ հայտնելու մի շարք հրապարակումներ եւ մեկնաբանություններ:

Ըստ հանձնաժողովի՝ ընկերության կողմից «am.wildberries.ru» կայքում պատվերների առաքման որոշակի ժամկետ հայտարարելն այն դեպքում, երբ դրանք գործնականում առաքվում են ավելի երկար ժամկետներում, առերեւույթ պարունակում է հասարկության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ: Թե ինչ կպարզի եւ ինչ որոշում կկայացնի հանձնաժողովը, առաջիկայում պարզ կդառնա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սանթուրյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասի գործունեությունը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– արտադրական, կենցաղային, օժանդակ սենքերի պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող եւ ախտահանվող, անջրաթափանց նյութերից, առկա է եղել բորբոս,

– առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը,

– արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները եւ պարագաները չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերեւույթները մաքուր չեն եղել,

– աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-սեպտեմբերին 14.1 տոկոսով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 10 տոկոսով, իսկ գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալը 9 ամսում նվազել է 0.7 տոկոսով:

Շինարարության ծավալը 2022-ի հունվար-սեպտեմբերին ավելացել է 14.3 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունում 2022-ի 9 ամսում 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 14.5 տոկոս: Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.1 տոկոսով:

2022 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը, 2021-ի հունվար-սեպտեմբերի համեմատ, ավելացել է 8.6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 4.1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, ավելացել է 16.9 տոկոսով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում այս տարի՝ 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, արձանագրվել է 62.5 տոկոս աճ: 2022 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, արտահանումն աճել է 63.8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 61.6 տոկոսով: Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 448.37 դրամ:

 




Լրահոս